Իրանը կողմնակից է, որ խնդիրները տարածաշրջանում խաղաղ լուծվեն՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը. Զարիֆ
Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմնակից է, որ խնդիրներն այս տարածաշրջանում խաղաղ լուծում ստանան՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը և այդ ժողովուրդների իրավունքը։ Այս մասին մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում գտնվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
«Ցանկացած լարվածություն, որի հետևանքով կողմերից մարդիկ են զոհվում, մեզ մտահոգում է, անհանգստանում ենք, ցանկալի է, որ ինչքան հնարավոր է՝ արագ լուծվի այս հարցը։ Ես, երեկ նաև հանգամանալից զրուցել եմ Ադրբեջանի նախագահի հետ և զգացի նրա մտայնությունը այս լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ուղղությամբ երկխոսություն վարելու մասին, ես նույնպես հետամուտ կլինեմ, որպեսզի նմանատիպ խոսակցություն ունենամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, և այսօր նաև զրույց եմ ունեցել արտաքին գործերի նախարարի հետ, մենք ցանկանում ենք աջակցել, որպեսզի խաղաղ լուծում ստանա այս հարցը»,– նշել է նա։
Իր հերթին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը նշել է, որ Հայաստանը կողմնակից է այս վերջին լարվածությունը լուծել քաղաքական, դիվանագիտական միջոցներով:
«Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան է, կարևոր գործընկեր է, որը տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար է, և մենք երկկողմ ուղղությամբ մեր բոլոր ջանքերն ենք գործադրելու՝ բազմաոլորտ, և նախևառաջ, քաղաքական երկխոսության միջոցով խորացնել մեր միջպետական համագործակցությունն Իրանի հետ»,– ասել է նա։