Լևոն Աղասյանին չի հաջողվել օլիմպիական նորմատիվ լրացնել Հայաստանի առաջնությունում
Դժգոհ եմ Հայաստանի առաջնության մասնակիցների քանակից եւ արդյունքներից: Լեւոն Աղասյանին չհաջողվեց օլիմպիական նորմատիվը լրացնել: Կարծում եմ՝ համավարակով պայմանավորված դադարն իր ազդեցությունն ունեցավ մարզիկների վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աթլետիկայի Հայաստանի առաջնության գլխավոր մրցավար Տիգրան Սիմոնյանը:
Արտաշատի քաղաքային ստադիոնում մեկնարկել է աթլետիկայի Հայաստանի առաջնությունը: Առաջին մրցումային օրը Հայաստանի չեմպիոն դարձան Լիանա Մարտիրոսյանը (3000մ, կանայք, 11.55.0), Դավիթ Ղուշչյանը (100մ արգելավազք), Մելինե Ադամյանը (100մ արգելավազք), Լեւոն Աղասյանը (եռացատկ, 16մ, 62 սմ), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում, 50.28), Երվանդ Մկրտչյանը (1500մ տղամարդիկ, 4.01.3), Էլլադա Ալավերդյանը (800մ, կանայք, 2.17.7), Մանուկ Մանուկյանը (գնդի հրում, տղամարդիկ, 14.71), Յանա Սարգսյանը (հեռացատկ, կանայք, 6.04), Յանա Սարգսյանը (100մ, կանայք, 12.0), Ռազմիկ Մկրտչյանը (100մ տղամարդիկ, 10.5), Մարիամ Մկրտչյանը (նիզակի նետում, կանայք, 40.10), Միլենա Գրիգորյանը (400մ կանայք, 1.03.0), Ռաֆիկ Օհանյանը (400մ, տղամարդիկ, 49.7): 4*100 մետր փոխանցումավազքի կանանց թիմային պայքարում հաղթող ճանաչվեց Վանաձորի թիմը (51.7):
Աթլետիկայի Հայաստանի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար, սակայն առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանին չի հաջողվել լրացնել օլիմպիական նորմատիվը: Աղասյանը գրանցել է 16 մետր, 62 սմ արդյունք, իսկ օլիմպիական նորմատիվը 17 մետր, 14 սմ է:
«Առաջնությանը մասնակցում է շուրջ 50 աթլետ: Առաջին մրցումային օրն աթլետները պայքարեցին 15 մրցաձեւերում, մայիսի 19-ին կանցակցնենք եւս 14-ը: Ցավոք, կորոնավիրուսը շատ վատ անդրադարձավ ընդհանուր սպորտի վրա, այդ թվում՝ աթլետիկայի: Առաջին մրցումային օրը չունեցանք այն արդյունքները, որոնք սպասում էինք: Ավելի բարձր արդյունքներ էինք ակնկալում, բայց մեր սպասելիքները չարդարացան: Հուսանք՝ հաջորդ մրցաշարերում այսօրվա բացը կլրացնենք: Գոհ չեմ ոչ արդյունքներից, ոչ էլ մասնակիցների քանակից: Կորոնավիրուսն իր սեւ գործն արեց:
Օլիմպիական ուղեգրերի հավակնորդներ ունենք: Ամենամեծ հավակնորդը Լեւոն Աղասյանն է, որը չկարողացավ լրացնել օլիմպիական նորմատիվը: Լեւոնը դեռ հնարավորություն ունի: Կարծում եմ՝ հաջորդ մրցաշարերում կանի իր արդյունքը: Օլիմպիական ուղեգրերի ակնկալիքներ ունենք նաեւ գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանից եւ ամերիկահայ վազորդ Ալեքս Դոնիկյանից: Երվանդն իր հիմնական ձեւին՝ 1500 մ վազք, կմասնակցի մայիսի 19-ին: Մկրտչյանը հնարավորություն ունի Հայաստանի առաջնությունում լրացնել օլիմպիական նորմատիվ: Ալեքս Դոնիկյանն արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ առաջիկա մրցաշարերում կմիանա հավաքականին»,- ասաց Տիգրան Սիմոնյանը:
Աթլետիկայի Հայաստանի առաջնության առաջին մրցումային օրվան հետեւել է նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
«Մեզ համար շատ կարեւոր էր առաջին մրցումային օրը, որտեղ մեր առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը պետք է օլիմպիական նորմատիվ լրացներ: Արդյունքները ցույց տվեցին, որ նա դեռ պատրաստ չէ օլիմպիական նորմատիվին: Սա իր օբյեկտիվ պատճառներն ունի, առաջին փորձն էր եւ մենք դեռ շատ հույսեր ենք կապում Լեւոն Աղասյանի հետ: Եվս մեկ փորձ կունենանք առաջիկայում Մալայան եղբայրների հուշամրցաշարում: Ունենք նաեւ միջազգային մրցաշարեր, տեսնենք՝ որն ենք ընտրում, որ Լեւոնին ուղարկենք նորմատիվ լրացնելու»,- նշեց Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ փոխնախարարը հույս հայտնեց, որ շուրջ երկու ամսից Արտաշատը կունենա աթլետիկական բարձր կարգի մարզադաշտ միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վաղքուղով:
«Լեւոն Աղասյանի անհաջողության պատճառներից մեկն էլ Արտաշատի մարզադաշտն է, որը Հայաստանի թերեւս միակ քիչ, թե շատ բարվոք աթլետիկական մարզադաշտն է: Ցավոք, ունենք այն, ինչ տեսնում եք: Դեռ նախորդ դարի 80-ականներին է փռվել այս ռետինե ծածկույթը: Չափազանց վատ վիճակ է: Սպասում էինք առաջնությանը, որից անմիջապես հետո այստեղ կսկսվեն շինարարական աշխատանքներ եւ 11 տարի ձգված մարզադաշտի հարցը կլուծվի, այստեղ կփռվի Ռոբերտ Էմմիյանին նվիրված ռետինե ծածկը: 1,5-2 ամիս անց մենք վերջապես կունենանք աթլետիկական բարձր կարգի ստադիոն: Ինչ վերաբերում է խաղադաշտի հատվածին, ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է Հայաստանում այս օրերին գտնվող աշխարհի չեմպիոն Մարիո Կեմպեսի եւ նրա հիմնադրամի հետ: Իրենց առջեւ խնդիր են դրել նորոգել և ունենալ բարձրակարդ խաղադաշտ, տրիբունաները վերականգնել եւ ունենալ նաեւ մարզումային դաշտ, որպեսզի բնական խոտածածկով դաշտը մեծ ծանրաբեռնվածության տակ չլինի: Ինքս հակված եմ, որ նախ խաղադաշտը նորոգվի, տրիբունաները վերականգնվեն, հետո նոր տեղադրվի աթլետիկական վաղքուղին, որպեսզի այնպես չլինի՝ ռետինե ծածկույթը փռենք, հետո խաղադաշտը նորոգելուց ջուր, խողովակ, մալուխ անցկացնելու խնդիր առաջանա»,- մանրամասնեց Կարեն Գիլոյանը:
Աթլետիկայի Հայաստան առաջնությունը կավարտվի մայիսի 19-ին: