Խնդիրն ուրիշ է՝ թողտվության, թույլտվության և անտերության խնդիր է․ Աշոտ Մինասյանը՝ Սյունիքում ու Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին. «Հրապարակ»
««Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ում դեմ այս իշխանությունները քրեական գործ են հարուցել, այս պահին Սյունիքում է։ Բայց մեկուսացված է բանակից ու սահմանից, ուստի չի կարող ասել, թե ինչ է կատարվում Սև լճի մոտակայքում, մեր բանակն ինչով է զբաղված, ինչ են բանակցում։ Եվ այս ամենի ֆոնին մենք լսում ենք, որ Տիգրան Ավինյանը Գորիսում հայտարարում է, թե պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումների։ Մինչդեռ այդ զարգացումներին միշտ պատրաստ անձինք, ինչպիսին, օրինակ, Աշոտ Մինասյանն է, մեկուսացված են իրադարձություններից, նրանց անգամ զենք չեն տրամադրում, որ հարկ եղած դեպքում գնան հայրենիքը պաշտպանելու։ Թերևս կրկնվում է անցած աշնան իրավիճակը։
«Ես տեղեկություն չունեմ, մեկուսացված եմ, ինֆորմացիա չունեմ՝ բանակն ինչ է անում, եթե ասեք՝ բանակ ունենք, ես կասեմ՝ ինչո՞վ է զբաղված բանակը»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց պարոն Մինասյանը։
- Դե, դեռևս կարծես թե չեն ոչնչացրել բանակը, այն, ամեն դեպքում, գոյություն ունի։
- Բանակը գոյություն ունի, բայց այն, թե ինչ է կատարում բանակը, չգիտեմ, որովհետև ես մեկուսացված եմ բանակից։ Իսկ թե մենք ինչ ենք անում, ժողովուրդն ինչ է անում, ապա ժողովուրդն անտեղյակության մեջ տառապում է՝ հավատալով այս պետականակործան անհավատների լուսաբանմանը կամ լրատվությանը։
- Ասում են՝ պետք է տագնապ հայտարարվի Սյունիքում, ինքնապաշտպանական ջոկատների մասին են նորից խոսում, հնարավո՞ր է Ձեր ջոկատը նորից պայքարի մեջ մտնի։
- Իմ ջոկատը միշտ պատրաստ է, հիմա էլ տղաների հետ նստած՝ զրույց ենք անում, բայց չեմ կարծում, թե էս իշխանություններն ինձ զենք կհատկացնեն, որ ես գնամ իմ անելիքը կատարելու։
- Իսկ Դուք դիմե՞լ եք, խոսե՞լ եք պատասխանատու անձանց հետ։
- Ոչ մեկին չեմ դիմել, չեմ էլ ուզում դիմել, երբ հարցը կհասնի դրան, բնականաբար, կդիմեմ համապատասխան մարմիններին, որոնք, ասենք, էստեղի գունդն է, գնդի հրամանատարությունն է կամ կորպուսի հրամանատարն է, զինկոմիսարիատն է, որպեսզի զենք հատկացնեն։ Եթե հատկացնեն, սիրով կգնամ՝ պաշտպանելու հայրենիքը, եթե չհատկացնեն, թեկուզ բահ տան, կգնամ խրամատ կփորեմ։
- Դուք հիմա լուծումն ինչպե՞ս եք տեսնում, քանզի եթե նախկինում նման բան լիներ, եթե թշնամին հանկարծ հատեր մեր սահմանն ու մեկ մետր անգամ առաջ գար, հայկական կողմը շատ կոշտ կարձագանքեր՝ տեղում կոչնչացնեին կամ գերի կվերցնեին, իսկ հիմա քայլելով եկել-մտել են մեր տարածքը, ու մերոնք որևէ քայլ չեն ձեռնարկում։
- Էդտեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ սպանում են, կա՛մ գերի են վերցնում, երկուսից մեկն է լինում, էս պահի դրությամբ ճիշտ կլիներ, որ կարողանայինք շրջափակել ու գերի վերցնել և էդ գերիներին փոխանակեինք մեր այն գերիների հետ, որոնք գտնվում են իրենց բանտերում։
- Բայց ո՛չ սպանում են, ո՛չ գերի են վերցնում։
- Իրենք դիրքային առավելություն ունեն, իրենք գագաթին են նստած, մերոնք՝ ներքևում, չեմ կարծում, թե մերոնք առավելություն ունեն, ու չեմ էլ պատկերացնում, թե ինչ կարող է կատարվել։
- Փաստորեն, իրենք կարող են ոտքով, առանց մեկ կրակոցի գալ հասնել մեր հո՞ղը։
- Դե, կարող են, թե չեն կարող՝ դա այլ խնդիր է, կրակոցով, թե առանց կրակոցի՝ դա էլ է խնդիր, սակայն խնդիրն ուրիշ բանում է․ թողտվության, թույլտվության և անտերության խնդիրն է։ Պետությունը՝ որպես այդպիսին, եթե կայացած չէ, եթե չունի ոչինչ՝ ինքնապաշտպանության․․․ յուրաքանչյուր ծնող, երբ իր երեխային վտանգ է սպառնում, ինչքան հնարավոր է՝ փորձում է պաշտպանել իր երեխային՝ ձեռքերով, ատամներով կոկորդը կրծելով կամ այլ ձևերով։ Թե ինչ կարգավիճակում են հիմա մեր բանակը, մեր զորքը և իր հրամանատարությունը, ես չեմ կարող ասել, նաև այն, թե ինչ առաջադրանք է դրված մեր բանակի առջև։
- Դե, բանակցում են, առաջադրանքը, երևի, բանակցել ու բանավոր պահանջ ներկայացնել, որ հետ քաշվեն իրենց դիրքերը, նրանք էլ ասում են՝ սա մեր տարածքն է։
- Եթե մենք ունենք օրենք, ապա բարիդրացիական հարաբերությունների մեջ, այո, կարող են բանակցել։ Եթե բանակցությունները չեն ազդում, կարելի է երկրորդ, երրորդ մեթոդներին անցնել, կիրառել մնացած մեխանիզմները։
- Մեխանիզմներից մեկով դիմել են ՀԱՊԿ-ին։ Դա մեզ ինչ-որ բան կտա՞։
- Դե, չեմ կարծում, թե սրանից երեք տարի առաջ նման հարց էր առաջանում, և մերոնք դիմում էին ՀԱՊԿ-ին։ Իրենք ՀԱՊԿ-ին չէին ընդունում, ՀԱՊԿ-ի հետ բանակցությունների չէին նստում, հետո էլ դիմում են ՀԱՊԿ-ին։ Իրենք չէին ընդունում ՀԱՊԿ-ին, ո՞նց են դիմել ՀԱՊԿ-ին։ Էդ նույն իշխանությունները ՀԱՊԿ-ին չէին ընդունում, չէ՞, արհամարհած ունեին ՀԱՊԿ-ին, բա ո՞նց են հիմա դիմում ՀԱՊԿ-ին, իրենց անմեղսունակությունը ծածկելու համա՞ր։
- Դա հարցի քաղաքական կողմն է, մյուս կողմից էլ ասում են՝ զավեշտալի է, երբ ընդամենը 250 հոգու համար դիմում են ՀԱՊԿ օգնությանը, ինչ է, մեր բանակը չի՞ կարողանում իրեն պաշտպանել։
- Գիտե՞ք, իրենք կարող են անգամ մեղադրանքներ ներկայացնել ՀԱՊԿ-ի հասցեին կամ մեր ռազմավարական դաշնակցի հասցեին, որ մեզ չի պաշտպանում։ Նախ սովորիր ինքդ քեզ պաշտպանել, հետո դիմիր քո դաշնակցին։
- Փաստորեն, որ Ալիևը ասում է՝ «Զանգեզուրը մերն է լինելու, մենք միջանցք ենք ունենալու Սյունիքով», կարո՞ղ ենք համարել, որ սա այդ քայլերից մեկն է, ու իրենք կամաց-կամաց մոտենում են իրենց նպատակին։
- Ես ասել եմ այդ մասին, որ դա Ալիևի նկրտումներից մեկն է, և կարծում եմ՝ սա վերջը չէ, երեկ՝ Արցախը, այսօր՝ Սյունիքը, վաղը Վայոց Ձորի մարզն է լինելու։ Նրա նկրտումները, գիտեք, ինքն անգամ Երևանն ու Սևանա լիճն է իրենը համարում, բայց քանի որ ինքն օգտվում է այն առիթից, որ մենք պետություն ու պետականություն չունենք, կորցնում ենք ամեն օր, և իշխանություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի, իսկ եթե չկա իշխանություն, ինքը չի կարող հրաման արձակել։ Ումի՞ց հրաման սպասել կամ ումի՞ց սպասել որևէ դիվանագիտական աշխատանք, որն ինքը կվարի մեր դաշնակիցների հետ։ Կամ՝ աշխարհի հետ ո՞ւմ հետ նստի զրույցի մեր, այսպես կոչված, ոչ դիվանագետ, դեմք չունեցող, դիմագիծ չունեցող, քաղաքականությունից ոչինչ չհասկացող իշխանությունը։
- Ի՞նչ եք կարծում, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա՞, որ հիմա էլ պատերազմ կսկսվի Սյունիքում։
- Ռազմական գործողությունների վտանգը միշտ էլ կա, դա կախված է մեր գլխին արդեն, Արցախը տալուց հետո միշտ էլ կախված է լինելու։ Ամբողջ ողբերգությունն այն է, որ երբ ասում էին՝ Արցախը մեր պաշտպանն է, Արցախը մեր թիկունքն է, մենք դա չէինք կարողանում գիտակցել, որովհետև Արցախը 120-150 կմ հետ էր պահում Հայաստանի սահմանից։ Բայց մերոնք չէին գիտակցում դա, մտածում էին՝ մենք ենք Արցախին պահում՝ առանց գիտակցելու, որ Արցախն է մեզ պաշտպանում։ Իհարկե, ամեն օր կարելի է սպասել պատերազմի։
- Իսկ մենք ի վիճակի՞ ենք նորից պատերազմելու։
- Դա արդեն ուրիշ հարց եք տալիս, նմանատիպ իշխանության միջոցով, իհարկե, ի վիճակի չենք։ Այս իշխանության կատարածը մենք տեսնում ենք, չէ՞։
- Հնարավո՞ր է սա առիթ դառնա ընտրությունների չեղարկման։
- Այս խամաճիկ իշխանությունից ամեն ինչ սպասելի է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։