«Հայաստանը դեռ ենթակվում է Ադրբեջանի ագրեսիային»․ Նիդերլանդների Բարեփոխված կուսակցության նախագահը` Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին
Նիդերլանդների Բարեփոխված կուսակցության (SGP) նախագահ, խորհրդարանի պատգամավոր Կեես ֆան դեր Ստայը արձագանքել է Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին Ադբեջանի կողմից կազմակերպված գործողություններին։
SGP-ի նախագահը «Թվիթեր»-ի իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը կանգնեցնել այդ բռնությունը։
«Հայաստանը դեռ ենթակվում է Ադրբեջանի ագրեսիային։ Չափազանց մտահոգիչ է։ Միջազգային հանրությունը պետք է առավել ջանքեր գործադրի այս բռնությունը կանգնեցնելու համար»,- գրել է Կեես ֆան դեր Ստայը։
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: