Դատարանն ընդունել է «ԿՀՎ-ի հետ աշխատելու» խոսքերի առնչությամբ Նավալնիի հայցն ընդդեմ Պեսկովի
Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը վարույթ է ընդունել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Լելա Կոկայան:
«Պեսկովի դեմ Նավալնիի ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել: Մինչդատական վարույթը նշանակված է մայիսի 27-ին»,- ասել է մամուլի քարտուղարը և շեշտել՝ նախկինում պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցը չէր առաջխաղացվել, քանի որ դատարանը կարգադրել էր շտկել դրանում առկա թերությունները:
Ինչպես նշել է դատարանի մամուլի քարտուղարը, հայցի առարկա է դարձել Պեսկովի խոսքերը Նավալնիի մասին: Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել էր՝ «հաշվի առնելով այն փաստը, որ հիվանդի հետ (նկատի ուներ Նավալնիին,-խմբ) աշխատում են Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները, նա ասում է այն, ինչ իրեն թելադրում են այդ վարչության ղեկավարները» և «ավելի լավ է, եթե այդ կազմակերպությունը երկխոսություն վարի ոչ թե մեզ հետ, այլ ուղղակիորեն իր ռուս գործընկերների՝ արտաքին հետախուզական ծառայության, գլխավոր հետախուզական վարչության և այլ հատուկ ծառայությունների հետ»:
Ներկայացված հայցադիմումով Նավալնին պահանջում է Պեսկովի հնչեցրած խոսքերը ճանաչել իրականությանը չհամապատասխանող, քանի որ դրանք վարկաբեկել են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Բացի այդ, նա պնդում է հերքումը հրապարակել նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք՝ Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը «Իվ Ռոշեի» գործով վերջերս չեղյալ էր հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով: Արևմտյան մի շարք երկրներ կոչ էին արել ազատ արձակել Նավալնիին: Գործչին ազատ արձակելու առնչությամբ կոչերով էին հանդես եկել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ ԱԳՆ-ն ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով: Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը մտադիր չէ ականջալուր լինել Նավալնիի առնչությամբ արտերկրից հնչող հայտարարություններին: