Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը, սակայն «միջամտությունը և կիբերհարձակումներն անհետևանք չեն մնա»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը, սակայն ընդգծել է՝ «միջամտությունը և կիբերհարձակումներն անհետևանք չեն մնա»։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես շատ պարզ հասկացրել եմ նախագահ Պուտինին, որ թեև մենք չենք ձգտում էսկալացիայի, նրանց գործողությունները հետևանքներ ունեն»,- ասված է Բայդենի ելույթի տեքստում:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է` ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համագործակցել, երբ դա բխում է երկու երկրների շահերից։
«Ես ուղղակի և համաչափ պատասխանեցի մեր ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը, ինչպես նաև մեր կառավարության և բիզնեսների վրա կիբերհարձակումներին։ Բայց մենք կարող ենք նաև համագործակցել, երբ դա բխում է մեր ընդհանուր շահերից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Խոսելով Իրանի և Հյուսիսային Կորեայի մասին՝ նա հայտարարել է, որ «այդ երկրների միջուկային ծրագրերը լուրջ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի և համաշխարհային անվտանգության համար»։
«Մենք սերտորեն կհամագործակցենք մեր դաշնակիցների հետ, որպեսզի դիվանագիտության և կոշտ զսպման միջոցով դիմակայենք այդ երկու երկրներից եկող սպառնալիքներին»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը։