Հովհաննես Հովսեփյան. Ֆեդերացիայի նախագահ ընտրվելու դեպքում շարունակելու եմ իմ մեծ ներդրումները
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից առաջ:
«Ապրիլի 29-ին մասնակցելու եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը: Արդեն 3 տարի հայկական բռնցքամարտում եմ: Այս ընթացքում ամեն կերպ՝ ուժերիս առավելագույն չափով, օգտակար եմ եղել հայկական բռնցքամարտին: Գույքային աջակցություն եմ ցուցաբերել ավելի քան 30 մարզադպրոցի: Մարզիկներին հնարավորություն եմ տվել մասնակցել մի շարք միջազգային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների և այս ամենն արել եմ սեփական միջոցներով՝ չծախսելով պետության անգամ մեկ դրամ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու դեպքում շարունակելու եմ իմ մեծ ներդրումները:
Շատ լավ տեղյակ եմ հայկական բռնցքամարտի խնդիրներին և ունեմ հայկական բռնցքամարտը զարգացնելու հստակ ծրագիր, որը բաց է եղել ու ներկայացվել է բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչներին: Վստահ եմ՝ ով ինձ ճանաչում է, ով առիթ է ունեցել իմ աշխատանքը տեսնելու, գիտի, որ անմնացորդ նվիրվել եմ հայկական բռնցքամարտին ու չեմ խնայել ոչինչ:
Գիտակցում եմ, որ ընտրվելու դեպքում ստանձնելու եմ էլ ավելի մեծ պատասխանատվություն և աշխատանքը բնավ էլ հեշտ չի լինելու, քանզի առջևում նաև Օլիմպիական խաղերն են, բայց հանուն հայկական բռնցքամարտի լավ ապագայի՝ պատրաստ եմ հաղթահարել ցանկացած դժվարություն: Հույս ունեմ, որ հայկական բռնցքամարտի ներկայացուցիչները ընտրություն կատարելիս կառաջնորդվեն ոչ թե սեփական ամբիցիաներով, այլ ի շահ հայկական բռնցքամարտի»,- Հովհաննես Հովսեփյանը հայտարարությունը փոխանցում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ կազմակերպության 15-րդ հաշվետու ընտրական համաժողովի ընթացքում։ Նախագահի թեկնածուները չորսն են՝ աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար Էդգար Կարապետյանը և Իլյա Վարովը:
Համաձայն գործող կանոնադրության՝ համաժողովին իրավասու են քվեարկելու 74 պատվիրակներ, որոնք ֆեդերացիայի անդամ են:
2020 թվականի ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել է հետախուզում: Մայիսի 21-ին Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ, որ պաշտոնից հրաժարական կներկայացնի, եթե չդադարեցվեն իր դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները: