ԱՄՆ-ը ցանկանում է կանխատեսելի և կայուն քաղաքականություն տեսնել Ռուսաստանի կողմից՝ պատրաստ լինելով պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե վերջինը շարունակի չմտածված և ագրեսիվ քայլեր անել. Բլինկեն
Ամերիկյան իշխող վարչակազմը համոզմունք ունի, որ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը կնպաստի երկկողմ հարաբերություններին, ТАСС-ի փոխանցմամբ՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանը շարունակի կատարել «չմտածված ու ագրեսիվ քայլեր»:
Բլինկենն ասել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ «կայուն և կանխատեսելի» հարաբերություններ ունենալու ակնկալիք ունի:
«Դեմ առ դեմ խոսելը ձեռնտու կլինի թե՛ այն դեպքում երբ անհրաժեշտ լինի արձագանքել Ռուսաստանի կողմից նման ակտիվության շարունակմանը, թե՛ նաև այն պարագայում, եթե կարիք կլինի հստակեցնել մեր հնարավոր քայլերը Ռուսաստանի կողմից կանխատեսելի և կայուն քաղաքականություն վարելու պայմաններում»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Բլինկենը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ամերիկյան վարչակազմը համաձայնություն կտա մասնակցելու Ռուսաստանի հետ գագաթնաժողովի:
«Ես չգիտեմ՝ եղել է արդյոք պաշտոնական հրավեր, թե ոչ, բայց մենք քննարկում ենք այդ հարցը, նման հանդիպման անցկացման հնարավոր ժամանակահատվածը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: