ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների կիրառումը Նավալնու պատճառով
ԱՄՆ-ն շարունակում է պնդել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնուն եւ իրեն իրավունք է վերապահում «լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել» Ռուսաստանի դեմ, եթե իրավիճակը փոխվի դեպի վատը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ՝ Նավալնու վիճակի հնարավոր վատթարացման հետ կապված, Փսակին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն այս ամիս արդեն մի շարք պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ` հավելելով, որ Սպիտակ տունն «իրավունք է վերապահում ապագայում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել»: «Նախագահի (Բայդեն) կողմից նախորդ շաբաթ ստորագրված հրամանագիրը մեզ իրավունք է տալիս դա անել անհատների կամ ոլորտների նկատմամբ: Բայց ակնհայտ է, որ մենք ձգտում ենք... եւ հուսով ենք, որ պարոն Նավալնու հետ մարդկայնորեն կվարվեն, որ նա ապահով կլինի եւ, ի վերջո, ազատ կարձակվի»,- ընդգծել է Փսակին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը մի քանի օր առաջ զրուցել է իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշեւի հետ, եւ Նավալնու հարցը քննարկման թեմաներից մեկն է դարձել: «Մենք հայտնեցինք ոչ միայն հնարավոր հետեւանքների, այլև, իհարկե, մեր կոչի եւ մեր ցանկության մասին, որպեսզի (Նավալնին) մարդասիրական վերաբերմունք ցուցաբերվի, որպեսզի նա ազատ արձակվի: Եվ մենք շարունակում ենք հստակորեն հեռարձակել այս ուղերձը»,- ասաց Փսակին՝ հավելելով, որ այդպիսի զրույցների շատ մանրամասներ պետք է գաղտնի պահվեն, քանի որ «դա արդյունքի հասնելու ավելի կառուցողական միջոց է »:
Փսակին չի պատասխանել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության նկատմամբ նոր պատժամիջոցների հավանականության մասին հարցին՝ ասելով, որ «մենք դեռ հավատում ենք, որ դա վատ գործարք է եւ այդ մասին ասում ենք այդ մասին մեր մի շարք գործընկերներին, այդ թվում՝ եվրոպացիներին»: