«Ես քո կերակուրը չեմ». ԱՄՆ-ում վազորդն իր վրա հարձակված քաղցած արջից փրկվել է նրա հետ «խոսելու շնորհիվ»
ԱՄՆ Վայոմինգ նահանգում արտասովոր դեպք է տեղի ունեցել: Տեղի բնակիչ Էվան Մեթյուզը, իր սովորության համաձայն, առավոտյան դուրս է եկել վազքի, երբ նրան սկսել է հետապնդել որջից նոր դուրս եկած արջը, գրում է The Guardian-ը, նշելով՝ վազորդը հազիվ է խուսափել «նոր արթնացած» արջի զոհը դառնալուց:
Նշվում է՝ տղամարդը Գրանդ Տետոն ազգային պարկում պատահական է հանդիպել է գիշատչին: Երբ հասկացել է, որ արջը ցանկանում է հարձակվել, նա սկսել է խոսել կենդանու հետ: Ամբողջ ընթացքում վազորդի հեռախոսը միացված է եղել և տեսագրել կատարվածը:
«Ողջո՜ւյն: Մոտ մի՛ արի, ո՛չ, վերադարձի՛ր քո տեղը, մնա՛ այդտեղ»,- գոռացել է Մեթյուզը, երբ արջը փորձել է հարձակվել իր վրա:
«Հե՜յ, ո՛չ: Ինձ համար միևնույնն է, որ դու սոված ես. ես քո կերակուրը չեմ: Իհարկե, եթե ուզում ես, մենք կարող ենք զբոսնել, բայց ինձ մի՛ մոտեցիր»,- դիմել է վազորդն իրենից կարճ հեռավորության վրա գտնվող արջին:
Իրենց «շփման» ընթացքում արջը որոշ ժամանակ հետևել է տղամարդուն, սակայն հետո Էվանին հաջողվել է դուրս գալ անտառից:
Ավելի ուշ, Մեթյուզը պատմել է՝ իրեն հետապնդել է ոչ մեծ չափերի շագանակագույն արջ, որը սոված է եղել: Ինքը չափազանց վախեցած է եղել, բայց փորձել է օգտագործել իր գիտակցությունն ու իրեն մի փոքր ագրեսիվ պահել: Բացի այդ, նա իր հետ ունեցել է արջերի դեմ օգտագործվող սփրեյ, որը կենդանու հարձակվելու դեպքում պետք է կիրառեր:
«Ես չեմ փախել նրանից: Եթե ես նման կերպ վարվեի, ապա արջը կարող էր ինձ որս համարել և հետապնդել: Նրա հարձակման ժամանակ ես ամուր կանգնել էի հողի վրա՝ ցույց տալով, որ ես իր կերակուրը չեմ դառնալու»,- պարզաբանել է վազորդը:
Բացի այդ, նա հիշեցրել է՝ նման դեպքերում չի կարելի մահացած ձևանալ, քանի որ այդ մարտավարությունն աշխատում է միայն այն դեպքում, երբ արջն էգ է, որը փոքր քոթոթներ ունի: