Յապոնչիկի և Դեդ Հասանի իրավահաջորդը Մոսկվայում դատարանի առջեւ կկանգնի
Վրաստանի քաղաքացի, «օրենքով գող» Մախո Թբիլիսկին Մոսկվայում դատարանի առջև կկանգնի՝ քրեական աշխարհում իր դիրքի համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Մոսկվայի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը նախկինում դատապարտված Վրաստանի 38-ամյա քաղաքացու գործով, որը մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 210.1 հոդվածով (հանցավոր հիերարխիայում բարձրագույն պաշտոն զբաղեցնելը), «Ինտերֆաքս»-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան:
Գործակալության տեղեկատվական աղբյուրը պարզաբանել է որ խոսքը վերաբերում է Մալխաս Դարչիեւին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Մախո Թբիլիսկի:
63-ամյա Դարչիեւը թագադրվել է 16 տարեկան հասակում: Նա այնպիսի հեղինակավոր «օրենքով գողերի» գործընկերն էր, ինչպիսիք են այժմ հանգուցյալ Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ) եւ Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան): Մախոն համարվում էր քրեական աշխարհում նրանց իրավահաջորդներից մեկը:
Հետաքննության վարկածով՝ 2011-ի սեպտեմբերից մինչ օրս ծնունդով վրաստանցին ամենաբարձր պաշտոնն է զբաղեցնում հանցավոր հիերարխիայում՝ իրեն դասելով, այսպես կոչված, «օրենքով գողերի» շարքը: Նա վերահսկում է քրեական աշխարհը Ռուսաստանի մի քանի մարզերում, այդ թվում՝ Մոսկվայում:
«Այն հանցավոր միջավայրի ցածր կարգավիճակ ունեցող բոլոր անձանց պարտավորեցնում է հնազանդվել նրա կամքին, ցուցումներին եւ հրահանգներին՝ անվերապահ հեղինակություն ունենալով քրեական գաղափարախոսությանը հավատարիմ անձանց շրջանում, պահելով, տարածելով եւ պահպանելով քրեական ավանդույթներն ու սովորույթները Մոսկվայի մարզի, Նովոսիբիրսկի, Ուլյանովսկի եւ Սվերդլովսկի շրջաններում»,- ասել է Նեֆեդովան:
Նրա խոսքով՝ քրեական գործը կուղարկվի Մոսկվայի քաղաքային դատարան՝ ըստ էության քննարկման: