ԱՄՆ-ն ավիաընկերություններին խորհուրդ է տալիս զգույշ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի վրայով թռչելիս
Միացյալ Նահանգների ավիացիոն դաշնային վարչությունը (FAA) խորհուրդ է տալիս ամերիկյան ավիաընկերություններին զգուշանալ Կիևի, Դնեպրի, Սիմֆերոպոլի, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և սահմանակից տարածքների վրայով թռիչքներ իրականացնելիս: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այս նախազգուշացումը տրվել է «Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև տարածաշրջանային լարվածության սրման պատճառով թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերի» հետ կապված:
Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական «Բոինգ»-ը MH17 չվերթով վթարի էր ենթարկվել 2014-ին ՝ Դոնեցկի մերձակայքում: Ինքնաթիռում գտնվող 298 մարդ զոհվել էր: Նիդեռլանդների գլխավոր դատախազության գլխավորությամբ համատեղ քննչական խմբի հետաքննությունը, որն անցկացվեց առանց Ռուսաստանի մասնակցության, պնդում է, որ Boeing-ը խոցվել է Ռուսաստանի զինված ուժերին պատկանող «Բուկ» զենիթահրթիռային համակարգից: