Արսեն Թորոսյանի թիրախում այս պահին Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներն են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրել է.
««Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը թիրախավորել է բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրեն ուղղակի դուր չեն գալիս կամ չեն կատարում իր քմահաճույքները։ Գրել էինք, որ վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ղեկավարի հետ Թորոսյանն արդեն լարվել է։ Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Թորոսյանի թիրախում այս պահին Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներն են՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թորոսյանը տարբեր ձևաչափերում հանդիպումների ու քննարկումների ժամանակ ակնհայտ ցույց է տվել, որ տեսչության ղեկավարների աշխատանքներից դժգոհ է, ու առաջիկայում իրենք պետք է ազատվեն պաշտոններից: Այդ պաշտոնյաների թվում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, որին նախօրեին արձակուրդ են ուղարկել, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ում ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այս պաշտոնյաները, հնարավոր է, այլևս չվերադառնան արձակուրդից իրենց աշխատանքին, քանի որ Արսեն Թորոսյանը կոնկրետ այս անձանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է այնպիսի տեղեկություններ, որոնք նրանց դեմ են եղել և կարող են հիմք հանդիսանալ նրանց ազատման համար: Թորոսյանը մարդիկ ունի, որոնց պատրաստվում է առաջիկայում նշանակել այդ պաշտոններում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: