Ռուսաստանի Զինված ուժերում մարտական պատրաստվածության լայնածավալ ստուգումներ են սկսվել
ՌԴ Զինված ուժերի զորամասերում և ստորաբաժանումներում ձմեռային ուսումնական շրջանի ավարտին մեկնարկել են մարտական պատրաստվածության վերջնական ստուգումները: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Զինված ուժերի վերապատրաստման ծրագրի համաձայն՝ ռազմական կառավարման մարմիններում, ստորաբաժանումներում և զորամասերում սկսվել են վերջնական ստուգումները: Զորքերը դուրս են եկել զորահրապարակ մարտավարական, հատուկ մարտավարական և երկկողմ զորավարժություններ իրականացնելու: Պահանջում եմ ապահովել ստուգողական պարապմունքների բարձր որակն ու անվտանգությունը զինտեխնիկայի տեղաշարժի ժամանակ»,- ասել է Շոյգուն:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ապրիլի ընթացքում, ընդհանուր առմամբ, կանցկացվի տարբեր մասշտաբների 4048 զորավարժություն: ՊՆ-ից հայտնել են, որ ուսումնավարժանքներն անցնում են բոլոր ռազմական շրջանների և Հյուսիսային նավատորմի տարածքներում, ինչպես նաև Կուրիլյան կղզիների և Կամչատկայի շրջաններում:
Ստուգումներ են անցնում զինված ուժերի բոլոր տեսակի զորամիավորումները: