Պեսկով. Պուտինը ԱՄՆ-ին և ցանկացած մեկին թույլ չի տա ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ
ԱՄՆ-ին չի հաջողվի ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը:
«Դա անհնար է: Հիմա ամերիկացիները ինչպես մանտրա կրկնում են՝ մենք բոլորի հետ խոսելու ենք ուժի դիրքերից: Ո՛չ Պուտինը, ո՛չ Ռուսաստանի ղեկավարությունից որեւէ մեկը թույլ չի տա ո՛չ ամերիկացիներին, ո՛չ որեւէ մեկին՝ ով էլ որ լինի, մեզ հետ այդպես խոսել: Դա բացառված է»,- ասել է Պեսկովը՝ շեշտելով, որ Ռուսաստանը կարեւոր է համարում ԱՄՆ-ի հետ երկխոսության պահպանումը, չնայած հակասությունների առկայությանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը որպես օրինակ ներկայացրել է Վլադիմիր Պուտինի արձագանքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին ոչ դիվանագիտական արտահայտություններին: ABC News-ի հետ զրույցում նա հայտարարել էր, որ Պուտինը «պատասխան կտա ընտրություններին միջամտության համար», ինչպես նաեւ ՌԴ ղեկավարին անուղղակիորեն «մարդասպան» էր անվանել:
Ի պատասխան՝ Պուտինը Բայդենին առողջություն էր մաղցթել եւ նշել, որ «մյուս մարդկանց գնահատելը նույնն է, ինչ նայես հայելուն»: Դրանից բացի, Պուտինը Բայդենին առաջարկել էր բանավեճը շարունակել ուղիղ եթերում եւ կոչ էր արել զրույցը չհետաձգել՝ պահելով «հեռավոր տուփի մեջ»:
«Արձագանքի էությունը հանգում է զրույցի վերաբերյալ նախաձեռնությանը, որը ամերիկացիների կողմից անպատասխան է մնացել: Մեր տեսանկյամբ՝ հիմա գլխավորն այն, որ թույլ չտրվի լանջից հարաբերությունների ցած սահելը: Առանց այն էլ դրանց շատ է վնաս պատճառվել, դրանք պետք է վերակենդանացնել: Ուստի անհրաժեշտ է սկսել խոսել»,- նշել է Պեսկովը: