Իսլանդիայի հավաքականի ավագ. Մենք ոչնչի արժանի չէինք Հայաստանի դեմ խաղում
Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականի ավագ Աարոն Գունարսոնը մեկնաբանել է 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականից կրած պարտությունը 0:2 հաշվով:
«Մենք ոչնչի արժանի չէինք այս խաղում: Մրցակիցը մեզ գերազանցեց ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարկում: Նրանք կռիվ էին տալիս դաշտում: Այնպիսի տպավորություն էր, կարծես մրցակիցն ավելի շատ էր ցանկանում հաղթել: Պետք է վերլուծենք սխալները և շարժվենք առաջ: Սա դեռ վերջը չէ: Լիխտենշտեյնի դեմ հաջորդ խաղում կփորձենք օգտագործել մեր գոլային պահերը, որոնք չիրացրինք այս խաղում»,- Քաթարի «Ալ Արաբիի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RÚV-ը:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 2 գոլերը խփել էր ընդմիջումից հետո և առաջին անգամ 2 հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական փուլերում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն: