Պոպուլիստը կարողանում է խաբել ժողովրդի մեծամասնությանը՝ օգտվելով վերջինիս տգիտությունից, անտեղյակությունից, նախապաշարումներից, էմոցիաներից, ֆոբիաներից. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանրահավաքներ անցկացրեց և անդրադարձավ, մասնավորապես, պատերազմում կրած պարտությանը՝ ինչպես միշտ, մեղքը գցելով իր վրայից և մեղադրելով «նախկիններին»: («Պարտությունն իմն է» հռետորական դարձվածքը լիրիկայի ժանրից է): Միտինգներում վարչապետի հայտնած տեղեկությունները՝ դիվանագիտական շփումների, սպառազինության և բուն պատերազմի մասին, ակնհայտորեն հակասում էին նրա նախորդ հայտարարություններին և բազմիցս արձանագրած փաստերին:
Այդ իրողությունը ֆիքսել են ընդդիմադիրները, «նախկինները» և, մասնավորապես, երրորդ նախագահը: Ինքնին Սերժ Սարգսյանի քննադատությունը հիմնականում ճիշտ է, բայց սխալ է նրա հետևյալ պնդումը՝ «քեզ այլևս ոչ ոք չի հավատում»: Դա այդպես չէ՝ Փաշինյանին շարունակում են հավատալ տասնյակհազարավոր մարդիկ, իսկ այդ հավատալու հիմնական պատճառն այն է, որ այդ մարդիկ չեն հավատում իրեն՝ Սերժ Սարգսյանին, և պարզ է, թե ինչու՝ չկրկնվենք: Այս պայմաններում սույն ընտրազանգվածն անտեսելու է ամենաակնհայտ փաստերը և չի ցանկանա լսել վարչապետի ասածների դեմ բերվող ամենահամոզիչ փաստարկները:
Պոպուլիստը կարողանում է խաբել ժողովրդի մեծամասնությանը՝ օգտվելով վերջինիս տգիտությունից, անտեղյակությունից, նախապաշարումներից, էմոցիաներից, ֆոբիաներից (վախերից): Պատմության մեջ սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը: Եվ խնդիրը ոչ թե խաբողի մեջ է (տաղանդավոր, պերճախոս մոլորեցնողներ միշտ էլ կգտնվեն), այլ նրանց մեջ, ովքեր պատրաստ են խաբվել: Եկեք, ուրեմն, հասկանանք, թե ինչու են տարբեր ժամանակներում և տարբեր ժողովուրդների հետ նման բաներ պատահում: Այուրվեդան՝ հնագույն հնդկական փիլիսոփայական ուսմունքը, ասում է. «Քաղաքակրթությունները կործանվում են ոչ թե պատերազմների, տարերային աղետների և այլ նման պատճառներով, այլ այն պատճառով, որ մարդիկ սկսում են մտածել միայն իրենց մասին, միայն այն մասին, որ վերցնեն, ոչ թե տան: Իսկ ներդաշնակության հիմնական սկզբունքն է էներգիաների փոխանակումը: Հենց այդ սկզբունքն է բացում մարդկանց սրտերը սիրո համար»: Գուցե կարելի՞ է այդ նույն սկզբունքը տարածել նաև պետությունների, հասարակությունների և, ինչու չէ, նաև ընտանիքների վրա: Եթե սեր չկա, այդ բոլոր կառույցներն անխուսափելիորեն քանդվում են, կործանվում են, վերանում:
Եթե մարդիկ պատրաստ չեն իրար լսելու, հասկանալու, ներելու, իրար ձեռք մեկնելու, իրար հետ պայմանավորվելու, ապա առաջին պլան է գալիս ատելությունն ու թշնամանքը: Մարդիկ կարող են հավաքվել հրապարակներում և ինչ-որ մեկի հասցեին «Heil!» բղավել, բայց դա որևէ ձևով չի վկայում հասարակության միասնության մասին, որովհետև այդ հավաքվածները գնալով տուն, կարող են իրար վրա մատնագրեր գրել. հրապարակում նրանց միավորում էր ատելությունը, ոչ թե սերը: Ատելությունը, վախը ներքին և արտաքին թշնամու առաջ, այդ վախով պայմանավորված «պաշտպանական դիրքը» իրականում տրոհում է հասարակությունը, թուլացնում է դրա դիմակայունությունը, տանում է դեպի կործանում: Հետևաբար, խնդիրը ոչ այնքան այս կամ այն կոնկրետ սուտը բացահայտելն է, որքան մարդկանց մեջ սերն արթնացնելը: Սեր, մասնավորապես, մեր պետության հանդեպ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: