Ռուսաստանի հարցով ԵՄ-ի գագաթնաժողովը կանցկացվի մարտի 25-26-ը՝ առցանց ձևաչափով
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը պլանավորվում է անցկացնել մարտի 25-26-ը, Եվրոպայում նոր կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքի պատճառով կանցկացվի առցանց ձևաչափով: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Բարենդ Լեյթսը։
Սպասվում է, որ առաջիկա գագաթնաժողովի գլխավոր թեման կդառնա ԵՄ անդամների կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ երկրներում COVID-19 հիվանդացության աճի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահը որոշում է կայացրել մարտի 25-26-ին նախատեսված գագաթնաժողովն անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով»,- հայտարարել է նա։
Շառլ Միշելն ավելի վաղ քանիցս ընդգծել է, որ առավել բարդ բանավեճերը ԵՄ-ի ղեկավարները նախընտրում են քննարկել անձնական հանդիպումների ժամանակ։