Ճշմարտությանն առերեսվելու ժամանակն է. «168 ժամ»
«Քաղաքականությունը գործունեության դաժան տեսակ է: Անորակ ու ցածրակարգ հասարակություններում այն կառուցվում է հիմնականում ստի ու կեղծիքի վրա, բայց պատմականորեն լինում են պահեր, երբ անգամ կեղծիքի վրա հիմնված քաղաքականությունը ստիպում է առերեսվել ճշմարտության հետ:
Հիմա Հայաստանում հենց այդպիսի ժամանակներ են: Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանում գործում է իշխանություն, որը հետևողականորեն կազմաքանդում է պետությունն ու պետականությունը: Բայց դաժանությունն այդ չոր իրողությունը չէ: Ավելի անողոք ու ողբերգական է փաստը, որ հայ հասարակությունը գրեթե լեթարգիական հանգստությամբ է հետևում պետականաքանդման այս պերֆորմանսին: Փաստարկը, որ դրա դեմ պայքարողներին հասարակությունը չի վստահում, թույլ է այնքան, որքան Հայաստանի պետականության հիմքերն այսօր:
Եթե պետության քանդման դեմ հասարակությունն ունենար ներքին ընդվզում ու անհաշտություն, վստահաբար կգտներ դրանք բարձրաձայնողներին հրապարակներ հանելու ձևերը: Հրապարակում գտնվողների որակի հարցը տեխնիկական է, շատ ավելի կարևոր է խնդրի բովանդակային ասպեկտը ունի՞ արդյոք հանրությունը անհամաձայնություն, բողոք, ընդվզում պետության դեմ ուղղված գործողությունների նկատմամբ: Եթե այս հարցի պատասխանը դրական է, ընդվզման իրականացման ձևերի պարագան կլուծվի տեխնիկական մակարդակում: Հետևաբար, եթե փողոցում չկա այն հարթակը, որն արտահայտում է հակապետականության դեմ հասարակության իրական ընդվզումը, նշանակում է, որ այդ ընդվզումը բացակայում է ի բնե, այն չկա, իսկ ինչն էլ ներկայացվում է որպես պայքար, իրականում իմիտացիա է, և ոչ թե հանրային հույզ:
Եթե դա այդպես է, իսկ ցավոք, դա այդպես է, նշանակում է, որ մենք որպես հասարակություն, ունենք շատ ավելի կարևոր ու խորքային խնդիրներ, քան այս կամ այն իշխանության հեռացումը կամ մոտեցումը: Իսկ ամենախորքային խնդիրն այն է, որ որպես հանրություն մենք պարտավոր ենք պատասխանել հարցին՝ ուզո՞ւմ ենք արդյոք ունենալ պետություն, թե ոչ: Հարցը շատ դաժան է, ու տպավորությունը, թե պատասխանն ակնհայտորեն դրական է, թյուր է, ինչպես տեսիլքը մղձավանջում: Քաղաքական կոռեկտությունից ու քաղաքավարությունից, գուցե նաև ազգային արժանապատվության չափազանցված զգացումից ելնելով այդ հարցը չի հնչեցվում, մինչդեռ դա գուցե ամենաառաջնային հարցն է, առանց որի ստույգ պատասխանը պարզելու, մենք չենք կարող առաջ գնալ: Բայց հարցը համառորեն չի հնչեցվում որևէ քաղաքական գործչի կամ մտավորականի, հասարակագետի կամ հոգեբանի կողմից երևի նաև այն պատճառով, որ հնչեցնելու մանդատ ունեցողները գիտեն դրա պատասխանը բացասական է. որքան էլ առերևույթ թվում է, թե դրական պատասխանն այլընտրանք չունի:
Արժեհամակարգը, որով ապրում է մեր հասարակությունը. պատերազմի ու խաղաղության, հայրենիքի ու պետականության նկատմամբ համընդհանուր վերաբերմունքը հակոտնյա են պետություն ունենալու համար անհրաժեշտ նվազագույն որակներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: