Մենք ապրում ենք «ժողովրդի իշխանության» օրոք՝ այն «ժողովրդի», որին երկիրը կործանման տարած աղետները չեն հետաքրքրում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Պատերազմում մենք նվաստացուցիչ պարտություն ենք կրել, կորցրել ենք Արցախի 70 տոկոսը և շատ հնարավոր է՝ կորցնելու ենք ամբողջը, ունենք 4000-ից ավելի նահատակներ, թշնամին ուղղակիորեն սպառնում է Սյունիքին և սահմանամերձ այլ տարածքներին, տնտեսությունը փլուզվում է, պետական կառույցները մատնված են անգործության: Բայց Փաշինյանն ու կառավարությունը շարունակում են իշխել:
Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է և հասկանալի՝ որովհետև մենք ապրում ենք «ժողովրդի իշխանության» օրոք՝ այն «ժողովրդի», որին վերը թվարկած աղետները չեն հետաքրքրում: Բերեմ պարզ օրինակ: Իշխանությունը քարոզում է՝ բանակը սկսել է կառուցվել միայն 2018-ի հեղափոխությունից հետո (մինչ այդ միայն թալանվում էր), ավելին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած թուղթը ճանապարհ է բացում բանակաշինության համար:
«Ժողովուրդն» այդ անհեթեթությունն ընկալում է, կուլ է տալիս որպես ճշմարտություն. ինչպես ասում են ռուսական շոու-բիզնեսի ցինիկ մենեջերները՝ пипл хавает: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Որովհետև այդ քարոզչությունն ուղղված է ոչ թե պետական կառույցների ժառանգականությանը, ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդմանը, այլ հակառակը՝ լյումպենական բնազդների բորբոքմանը: Եվ այդ «շարիկովյան» իրականության մեջ «հայրենիք», «բանակ», «պետություն» հասկացությունները չկան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: