Հայկ Մարությանն աշխատանքի է ընդունել Փաշինյանի կողմից աշխատանքից ազատված մարդու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի լարված հարաբերությունների մասին խոսակցությունները չեն դադարում, դրան զուգահեռ էլ, նկատենք, Մարությանը վերջերս քաղաքապետարանում աշխատանքի է ընդունել վարչապետի կողմից աշխատանքից ազատված անձի:
Խոսքն աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արա Գաբրիելյանի մասին է, որը եղել է ՊԵԿ փոխնախագահ և ազատվել է աշխատանքից Նիկոլ Փաշինյանի հրամանով: Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում բացակայում է Գաբրիելյանի մասին տեղեկությունը, չկա անգամ լուսանկար:
Եվ, մեր տեղեկություններով, հենց Արա Գաբրիելյանը չի թողնում, որ իր պաշտոնական կենսագրությունն ու լուսանկարը տեղադրեն կայքում՝ հաշվի առնելով նաև իր ոչ այնքան մաքուր անցյալը: Երբ Փաշինյանի հրամանով Գաբրիելյանն ազատվեց այդ պաշտոնից, նշվում էր, թե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դժգոհ է մաքսային բլոկի ղեկավարներից ու պահանջել է, որ նրանք ազատման դիմումներ ներկայացնեն:
Սակայն, բացի այդ, դժգոհություն ուներ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք նաև, որ Արա Գաբրիելյանն ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ Տեղեկությունների համաձայն՝ Արա Գաբրիելյանը մինչ դատապարտվելը բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, տարիներ շարունակ հայկական տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: