Ահաբեկիչները վերջնականապես կոչնչացվեն. ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը համատեղ հայտարարություն են արել Սիրիայի հարցով
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին վերջնականապես ոչնչացնելու նպատակով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Կրկին վերահաստատել ենք մեր վճռականությունը՝ պայքարելու ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշախնության և տարածքային ամբողջականության խախտմանը և սպառնում են հարևան երկրների ազգային անվտանգությանը: Պայմանավորվել ենք շարունակել համագործակցությունը ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ առնչություն ունեցող այլ խմբավորումների ահաբեկիչներին վերջնականապես ոչնչացնելու նպատակով՝ միաժամանակ ապահովելով քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների անվտանգությունը», - ասվում է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով կայացած 15-րդ միջազգային եռակողմ հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարության մեջ:
Կողմերն ընդգծել և դատապարտել են ահաբեկչական ակտիվության աճը Սիրիայի տարբեր հատվածներում, ինչը հանգեցնում է խաղաղ բնակիչների մահվան:
Բացի այդ, ՌԴ-ն, Թուրքիան և Իրանն ընդգծել են սիրիական Իդլիբի հարցով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարման անհրաժեշտությունը: Իդլիբում ապաէսկալացիոն գոտի ստեղծելու մասին համաձայնություն էր ձեռք բերվել 2017 թվականին: