Աբխազիայի խորհրդարանը Ռուսաստանին առաջարկել է երկաթուղային կապ բացել Հայաստանի հետ
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային հայտարարությամբ այն մասին, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին, ասել է Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) միջազգային, միջխորհրդարանական հարաբերությունների եւ հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան, հայտնում է «Sputnik Աբխազիա»-ն:
«Նախաձեռնությունը մեր հանձնաժողովինն է: Քանի որ մենք հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտությանը, որը լուծվում է այդպիսի ճանապարհով: Մենք ողջունում ենք տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը»,- ասել է Լոգուան:
Ըստ պատգամավորի` Աբխազիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել խոշոր տարածաշրջանային նախագծերին, իսկ ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային կապի բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անմասնակից մնա: Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում հանձնաժողովի ընդլայնված լսումներ տեղի ունեցան, որոնց ընթացքում քննարկվել են այն տարբերակները, որոնք պետք է օգտագործվեն այս հարցում հաջողության հասնելու համար: