«Ռուսաստանի օգնությամբ կպաշտպանենք մեր քաղաքացիների առողջությունը». «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակը մատակարարվել է Սերբիա
Ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի նոր խմբաքանակը Ռուսաստանից օդային ճանապարհով մատակարարվել է Սերբիա: Այս մասին տեղեկացրել է երկրի նորարարության հարցերով նախարար Նենադ Պոպովիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է՝ ՌԴ-ից պատվաստանյութերով բեռնված ինքնաթիռն այսօր վաղ առավոտյան ժամանել է Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայան:
«Սա երկու երկրների լավագույն եղբայրական հարաբերությունների հաստատումն է: Ռուսաստանի օգնությամբ մենք կպաշտպանենք մեր քաղաքացիների առողջությունը և կշարունակենք ամրապնդել մեր տնտեսությունները», - գրել է Պոպովիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Ըստ նախնական պայմանավորվածության՝ փետրվարի 11-ին ռուս մասնագետները կժամանեն Բելգրադի Տորլակի վարակաբանության և պատվաստանյութերի ինստիտուտ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության տեխնիկական և կադրային հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով:
Հիշեցնենք՝ Սերբիայում պատվատումները մեկնարկել են դեկտեմբերի 24-ից Pfizer/BioNTech ընկերության կողմից արտադրված պատվաստանյութերով: Ռուսական պատվաստանյութերի առաջին խմբաքանակը երկիր է ժամանել դեկտեմբերի 30-ին, իսկ Չինաստանից Sinopharm-ը՝ հունվարի 16-ին:
Նշենք՝ երկրում պատվաստումների հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, իսկ Սերբիայի քաղաքացիները կարող են նախընտրություն տալ այս կամ այն դեղամիջոցին: Ըստ Սերբիայի առողջապահության նախարարության՝ քաղաքացիների մինչև 42%-ը ցանկանում է ստանալ ռուսական պատվաստանյութը: