Այսօրվա իշխանությունը լեգիտիմ է․ «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյան. «Ժողովուրդ»
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք հանրության հետ քննարկումներ, հանդիպումներ են ունեցել, ինչպես նաև ընդդիմության կազմակերպած հանրահավաքներից պարզ է դարձել, որ հանրության լայն շրջանակներն արտահերթ ընտրության պահանջ չեն ներկայացրել: Մեր զրուցակցի կարծիքով՝ իրենք որևէ կերպ չեն վախենում իշխանությունը կորցնելուց, իրենց համար հստակ է, որ իշխանությունը լեգիտիմ է ու պետք է մնա իր «պոստում»:
-Պարոն Զեյնալյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել, որտեղ Նիկոլ Փաշինյանը ևս ներկա է գտնվել: Դուք ներկա գտնվե՞լ եք նիստին:
-Այո:
-Օրակարգում քննարկվել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, և հայտարարություն տարածվեց, որ իշխանությունը մերժում է արտահերթ ընտրությունները: Դուք կո՞ղմ էիք:
-Վարչապետը, նախ, մինչև այս հայտարարեց, որ խորհդակցություններ է սկսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ: Այսինքն՝ եթե քաղաքական ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականը, և իրենց անընդունելի է, որովհետև ժողովուրդը պետք է քվե տա, ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է ՀՀ-ում իշխանության ղեկավար լինի: Վարչապետը սկսեց կոնսուլտացիաներ, և, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերը մերժեցին այս օրակարգը՝ սրանով հենց ընդունելով՝ ՀՀ լեգիտիմ իշխանությունն այժմ առկա է: Հաշվի առնելով նաև, որ արտահերթ ընտրությունների լայն, հասարակական պահանջ գոյություն չունի՝ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց առնվազն այն հայտարարության շրջանակում, որ վարչապետն ասել էր՝ վեց ամսիս պետք է շարժվենք նախատեսված օրակարգով՝ ճանապարհային քարտեզով, և վեց ամիս հետո վերլուծենք ճանապարհային քարտեզի իրականացումը ու, ըստ այդմ, հասկանանք հետագա անելիքները: Այո, այս պահին մեր խմբակցությունը, ինչպես և հայտարարության մեջ էր նշված, արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում:
-Լայն շրջանակների հետ ինչպե՞ս եք քննարկումն իրականացրել, սոցհարցումներ եք իրականացրել, հանդիպումներ եք ունեցել: Ինչպե՞ս հասկացաք, որ հանրությունը չի ուզում արտահերթ ընտրություններ:
֊Նախ՝ արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի կողմից կազմակերպված ակցիաների մասնակցության մերժումը, կան նաև անցկացված սոցհարցումներ անկախ կազմակերպությունների կողմից, և մեր շփումները բնակչության հետ, մարզային ատելությունները: Այդ կարծիքը ձևավորվել է այս ամենի արդյունքում:
-Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ ցանկանում է, որ արտահերթ ընտրություններ լինեն, բայց իրենք մերժում են ընտրությունների գնալը հենց վարչապետի գլխավորությամբ, այսինքն՝ իրենք ընտրությունների անցկացման գաղափարը երբեք չեն մերժել:
-Խորհրդարանական երկու ընդդիմադիր ֆրակցիաներ մերժել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը: Եվ որևէ բովանդակային քննարկում այս ուղղությամբ չի ծավալվել՝ ժամկետների, ֆորմատի հետ կապված: Սա նշանակում է, որ իրենք ընդունում են, որ այսօրվա իշխանությունը լեգիտիմ է: Իրենք չեն տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք:
֊Պարտված իշխանությունը պե՞տք է հեռանա: Դուք կարծում եք, որ այս իշխանությունն անփոխարինելի՞ է:
-Որևէ իշխանություն անփոխարինելի չէ: Մեկ անգամ էլ կրկնեմ՝ ընտրությունների հետ կապված լայն հասարակական պահանջ չկա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: