Շուտով կունենանք ռուսական «Sputnik V» պատվաստանյութը. նախարար
Ռուսաստանի Դաշնության հետ վերջնականացվում է պայմանագրի կնքումը, եւ շուտով արդեն Հայաստանում կունենաք ռուսական «Sputnik V» պատվաստանյութը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն այս պահի դրությամբ երկու հարթակում է աշխատանանքներ իրականացնում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար: Առաջինը միջազգային COVAX հարթակն է, որի նպատակն է մասնակից-երկրներին հասանելի պատվաստանյութով ապահովել: Բացի այդ, երկկողմանի բանակցություններ են վարվում նաեւ պատվաստանյութեր արտադրողների հետ:
Նախարարը նաեւ նշեց, որ պատվաստանյութերի ընտրության հարցը որոշվում է մասնագիտական խմբի քննարկումների արդյունքում. Մասնագետները խորհրդատվական կերպով կներկայացնեն այն պատվաստանյութերը, որոնք բարեհաջող են անցել բոլոր կլինիկական հետազոտությունները, եւ դրանք կարող ենք ներմուծվել եւ օգտագործվել իմունիզացիայի ծրագրի շրջանակում:
Խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստումների կազմակերպման մասին, նախարարը նշեց, որ որեւէ մեկին պարտադրաբար չեն պատվաստելու, ամեն ինչ կամավորության սկզբունքով է անցկացվելու, ընդ որում առաջնահերթությունը տրվելու է ռիսկի խմբերում ներառված քաղաքացիներին: