Կինոպրոդյուսեր Նատալի Քասաբյանն արժանացել է «Sundance Institute» մրցանակի (վիդեո)
Կինոպրոդյուսեր Նատալի Քասաբյանը «Sundance Institute/Amazon Studios Producers Award 2021» մրցանակի է արժանացել «Վազիր» ֆիլմի համար, հայտնում է Deadline-ը։
Քասաբյանի ամուսինը՝ Սեւ Օհանյանը, երկու տարի առաջ մրցանակ էր ստացել «Որոնում» ֆիլմի վրա համատեղ աշխատանքի համար։ Քասաբյանին մրցանակը հանձնել է նրա մշտական համահեղինակ, ռեժիսոր Անիշ Չագանթին («Որոնում», «Վազիր»)։ «Որպես պրոդյուսեր՝ մենք կարող ենք կասկածել՝ արդյոք կարո՞ղ ենք ինչ-որ բան անել, բայց մենք երբեք չենք կասկածում՝ արդյոք հարկավո՞ր է անել դա»,- ասել է Քասաբյանը՝ ընդունելով մրցանակը։
Քասաբյանն ու Օհանյանը դարձել են «Վազիր» ֆիլմի պրոդյուսերները, որը գրել են Օհանյանն ու ռեժիսոր Չահանթին։ Ժապավենում նկարահանվել են Սառա Փոլսոնը եւ Կիրա Ալենը Lionsgate-ի համար, որի պրեմիերան տեղի է ունեցել Hulu ինտերներտային հարթակում 2020թ․-ին եւ դարձել է առցանց ծառայության ամենահայտնի ֆիլմը։ «Որոնումը» նկարահանվել է մեկ մլն դոլարից պակաս բյուջեով եւ վարձույթում ավելի քան 75 մլն դոլար է հավաքել։