Իրանը պատրաստ է նպաստել «Թալիբան» շարժման և Աֆղանստանի կառավարության միջև երկխոսության կայացմանը. Զարիֆ
Թեհրանը պատրաստ է նպաստել «Թալիբան» արմատական շարժման և Աֆղանստանի կառավարության միջև երկխոսության կայացմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ թալիբների ներկայացուցիչների հետ Թեհրանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ:
«Իրանի ԱԳ նախարարի և «Թալիբան»-ի քննարկման ընթացքում հայտարարվել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ նպաստելու «Թալիբան»-ի և Աֆղանստանի կառավարության և այլ (քաղաքական) խմբերի միջև երկխոսության կայացմանը»,- հաղորդում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Բացի այդ, Իրանի արտգործնախարարը «դրական է արձագանքել Աֆղանստանում բոլոր քաղաքական խմբերի ներգրավմամբ ներկայացուցչական կառավարություն ստեղծելու գաղափարին»:
«Հուսով եմ, որ ձեր (թալիբների) բոլոր ջանքերն ուղղված կլինեն մարդկանց տառապանքներին և խնդիրներին հնարավորինս շուտ վերջ տալուն ու որքան հնարավոր է շուտ պատերազմը դադարեցնելուն և Աֆղանստանում խաղաղություն հաստատելուն, ինչպես նաև օկուպանտներից ազատվելուն»,- ասել է Զարիֆը: