Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում երկրորդ մենամարտը կանցկացնի Ղազախստանում
Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում երկրորդ մենամարտը կանցկացնի Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում տեղի ունենալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի #MTKFightNight երեկոյի ընթացքում։ Այս մասին Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հայտնել է Instagram-ի իր միկրոբլոգի story բաժնում:
Մենամարտը տեղի է ունենալու փետրվարի 27-ին: Mtkglobal.com-ը դեռ չի հայտնում հայ բռնցքամարտիկի երկրորդ մրցակցի անունը:
Գյումրեցի բռնցքամարտիկն առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Դուբայում տեղի ունեցած Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին: Նորամուտի հաղթանակը Բաչկովը նվիրել էր հայ զինվորին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ: Ըստ պայմանագրի, պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կնախապատրաստվի նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։