Հաղթել սեփական պարտությունը․ Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ չի ընկալում իրեն պարտված, մենք կենսունակ պետություն ենք և վստահ վերականգնվելու ենք․ Ա․ Վանեցյան. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը ներկայացնում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հոդվածը․
«Իմ խորին համոզմամբ՝ բոլոր այն անհատները և քաղաքական միավորները, որոնք պատրաստվում են առաջիկայում էական քաղաքական դերակատարման հայտ ներկայացնել, պարտավոր են հանրությանը հստակ ներկայացնել առնվազն հետևյալ երեք հարցադրումների շուրջ իրենց պատկերացումները.
ա) Տեղի ունեցած աղետի ծավալները:
բ) Առաջիկա ռիսկերի և վտանգների էությունն ու հնարավոր հետևանքները:
գ) Ինչպես խուսափել առկա մարտահրավերներից, կայունացնել վիճակը ու սկսել երկրի վերականգնումը:
Հիմա, առավել բան երբևէ, հասարակության առաջ պետք է լինել բաց և հենց այդպես հասարակությանը մասնակից դարձնել բարդ և վճռորոշ քննարկումներին: Ուստի, ինքս առայժմ հակիրճ կանդրադառնամ վերոնշյալ հարցերին:
Հայաստանի վաղը որոշվում է այսօր
Անկախություն ձեռք բերելուց երեսուն տարի անց մենք ստիպված ենք ամեն ինչ սկսել գրեթե զրոյից՝ կառուցել անվտանգային նոր համակարգ, արդյունավետ համագործակցության բանաձևեր գտնել մեր հիմնական և բնական դաշնակից ՌԴ-ի հետ, վստահելի և գործընկերային հարաբերություններ ստեղծել հարևանների ու արտաքին աշխարհի հետ, Արցախի հարցում հայանպաստ լուծման նոր ուղիներ գտնել և այլն: Միայն այսքանը բավարար է՝ գիտակցելու համար ազգային ճգնաժամի խորությունը:
Ահռելի կորուստները զգալի ռիսկեր են պարունակում՝ տնտեսության անկում, ֆինանսական շուկայի անկայունություն, սոցիալական լարվածության աճ և բազում այլ խնդիրներ: Սա մեր իրականությունն է՝ նկարագրված հնարավորինս մեղմ: Մի իրականություն, որի ամենավտանգավոր սպառնալիքը, ըստ իս, պարտվածի հոգեբանության ծուղակն է, որի մեջ կարող ենք հայտնվել ազգովի: Չլուծենք այս խնդիրը՝ չենք կարողանալու լուծել որևէ այլ կարևոր կենսական խնդիր: Պատմության ընթացքում բոլոր պետություններն ունեցել են թե՛ տապալումներ, թե՛ պարտություններ: Շատերը կանգնած են եղել ընդհանրապես լինել-չլինելու խնդրի առջև: Եվ բոլոր այն պետությունները, այն ժողովուրդները, որոնք իրենց մեջ ուժ են գտել «հաղթելու» սեփական պարտությունը, որոնք արել են անհրաժեշտ հետևություններ, անպայման գտել են վերելքի ուղիները և այդկերպ հաջողել:
Հետպատերազմյան հանրային դիսկուրսում առկա էր ժամանակակից Հայաստանում հնչած կարևոր գաղափարներից մեկը՝ «հայ զինվորը չի պարտվել, հայ սպան չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել»: Եվ դա իսկապես այդպես է: Արդյոք հնարավոր չէ՞ այս մոտեցումը դարձնել ընդհանրական, բոլորիս միավորող՝ անկախ քաղաքական և այլ հայացքներից: Ինչո՞ւ մենք սա չենք անում: Այն հերոսությունները, որ ցուցաբերել են հայկական զինված ուժերը, մեր տղերքը, աննկարագրելի են, և հակառակորդը դա շատ լավ գիտի՝ մեզնից էլ լավ: Թշնամին ունեցել է հսկայական տեխնոլոգիական և քանակական առավելություն, թշնամին մեզ վրա հարձակվել է միջազգային տեռորիստական խմբավորումների և թուրքական զինված ուժերի հետ համատեղ և սրանով մեկտեղ կրել է զգալի մարդկային ու նյութական կորուստներ: Բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրառել բարձր տեխնոլոգիական իր առավելությունը, պարտություն է կրել:
Աններելի են իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները՝ մեր անզորության և պարտության դատապարտված լինելու մասին: Ո՞ւմ օգտին են նրանք խաղում: Դրա փոխարեն անհրաժեշտ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հազարավոր ահաբեկիչների ներգրավման հարցը: Ադրբեջանն ամեն օր մեզ սպառնում է և՛ միջազգային արբիտրաժներով, և՛ դատերով, ու եթե այդ սպառնալիքներին չլինի համարժեք հակադարձում, ապա վաղը Հայաստանը կհայտնվի էլ ավելի բարդ իրավիճակում: Մենք, ունենալով Մինսկի խմբի համանախագահների և մի շարք այլ երկրների հրապարակային փաստումը, որ մեր դեմ կռվելու նպատակով Ադրբեջանը հազարավոր վարձկան ահաբեկիչների է բերել տարածաշրջան, չենք կարողանում դրան տալ քաղաքական և իրավական զարգացում: Աշխատո՞ւմ ենք Սիրիայի իշխանությունների, արաբական աշխարհի, մեզ բարեկամ այլ երկրների հետ: Աշխատո՞ւմ ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հակաահաբեկչական կենտրոնների, սփյուռքի լոբբիստական կառույցների հետ: Նման հստակ խնդիր ձևակերպե՞լ ենք, դիվանագիտական խողովակներով աշխատո՞ւմ ենք: Անվերջ կարելի է թվարկել աշխատանքի ճակատները: Սա Ադրբեջանի վրա ճնշման՝ այս պահին մեր եզակի ուժեղ հաղթաթղթերից մեկն է:
Աշխարհին ուղղված մեր ուղերձները
Հետպատերազմյան Հայաստանից և Արցախից պետք է ուղերձներ հղվեն հայությանը և ողջ աշխարհին: Այդ գործն անթույլատրելիորեն ուշանում է: Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ.
ա) Մենք չենք ընկալում մեզ պարտված:
բ) Մենք կենսունակ պետություն ենք և վստահ վերականգնվելու ենք՝ որպես տարածաշրջանի լիարժեք դերակատար:
գ) Ունենք համահայկականության նոր գաղափարներ և հեռուն գնացող ազգային նպատակներ:
Արցախից նույնպես պետք է հնչեն ուղերձներ՝ Հայաստանին, սփյուռքին և միջազգային հանրությանը, որքան էլ այն այսօր անհաղորդ թվա: Պետք է հնչեն Արցախի կենսունակության վերաբերյալ հստակ ձևակերպումներ և միջազգային քաղաքականության ակտիվ մասնակից լինելու համոզմունք պարունակող կոչեր: Սա պետք է դառնա հայկական երկրորդ պետության օրակարգը, որպեսզի հնարավոր լինի աշխատել և այդ խնդիրներին տալ գործնական լուծումներ: Իսկ այն, որ դա պետք է արվի, կասկածից վեր է:
Հայաստանում և Արցախում պետք է լինի խաղաղության և վերելքի հստակ որոշում, որի առանցքում մեր մարտունակության և անվտանգային համակարգի էական ուժեղացումն է: Հայի արժանապատվության և ինքնավստահության վերականգնումը պետք է սկսվի այդ որոշումից: Պետության մեջ որակական փոփոխությունները և իրավիճակը փոխելու վճռականությունը միայն կարող է դառնալ ազդակ աշխարհասփյուռ հայությանը՝ մեջքն ուղղելու, միավորվելու, նոր նպատակներ ձևակերպելու և ավելի վճռականորեն, միասնական աշխատելու ազդակ: Իսկ այդ փոփոխությունների սկզբնակետը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի և այս ապաշնորհ իշխանությունների հեռացումն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: