Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնք դատապարտում են Թուրքիային՝ Արցախի դեմ ագրեսիայի համար
Եվրախորհրդարանն ընդունել է «Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության մասին»(CFSP) եւ «Անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության մասին»(CSDP) բանաձեւեր-տարեկան զեկույցներ, որոնցում հատուկ տեղ է հատկացված Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ դատապարտվում են Թուրքիայի միջամտությունը վերջին պատերազմին:
Նշվում է, որ Եվրախորհրդարանը «ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը․ մտահոգությամբ ընդգծում է հակամարտության մեջ երրորդ երկրների ռազմական մասնակցությունը եւ, մասնավորապես, Թուրքիայի ապակայունացնող դերն ու միջամտությունը․ կոչ է անում միջազգային հետաքննություն իրականացնել օտարերկրյա գրոհայինների ենթադրյալ ներկայության եւ կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ. կոչ է անում Եվրամիությանը եւ միջազգային մարմիններին ապահովել նրանց պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում արգելված զենք օգտագործելու համար. պնդում է, որ անհրաժեշտ է հումանիտար օգնություն մատակարարել, անհապաղ սկսել գերիների եւ վիրավորների փոխանակումը եւ պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը»:
Եվրախորհրդարանը առանձին պարբերությամբ խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խարխլում փխրուն կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում:
«Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ցանկացած միջամտությունից, այդ թվում` Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց, եւ ձեռնպահ մնալ ապակայունացնող գործողություններից ու ակտիվորեն նպաստել խաղաղությանը․ դատապարտում է Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների տեղափոխումը Սիրիայից եւ այլ վայրերից Լեռնային Ղարաբաղ, ինչպես հաստատում են միջազգային դերակատարները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները. ափսոսում է ԵԱՀԿ Մինսկի խումբն ապակայունացնելու նրա պատրաստակամության մասին, քանի որ նա հավակնում է հակամարտությունում ավելի վճռական դեր ունենալ»:
Նշվում է, որ Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունում Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը ամբողջական հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին:
Եվրախորհրդարանը «հուսով է, որ այս համաձայնագիրը կփրկի ինչպես խաղաղ բնակիչներին, այնպես էլ զինծառայողներին եւ ավելի պայծառ հեռանկարներ կբացի այս մահացու հակամարտության խաղաղ կարգավորման համար.
ափսոսում է, որ ստատուս քվոյի փոփոխությունը ձեռք է բերվել ռազմական ուժի, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով.
խստորեն դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունները եւ քաղաքացիական օբյեկտների ու երկրպագության վայրերի ոչնչացումը, դատապարտում է հակամարտության մեջ կասետային զինամթերքի օգտագործման մասին հաղորդագրությունները. վճռականորեն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին առանց հետաձգելու վավերացնել «Կասետային զինամթերքի մասին» կոնվենցիան, որն ամբողջությամբ արգելում է դրանց օգտագործումը. շեշտում է, որ տեւական կարգավորում դեռ չի գտնվել, եւ որ տարածաշրջանի խաղաղության հասնելու եւ ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է ղեկավարվեն Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ հիմնված լինեն խմբի հիմնական սկզբունքների վրա.
ընդգծում է անհապաղ անհրաժեշտությունը` ապահովելու համար, որ մարդասիրական օգնությունը հասնի կարիքավորներին, ապահովվի հայ բնակչության եւ նրա մշակութային ժառանգության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ՝ որ ներքին տեղահանված անձանց եւ փախստականներին թույլատրվի վերադառնալ իրենց բնակության վայրեր.
կոչ է անում պատշաճ կերպով հետաքննել պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր պնդումները, եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել.
կոչ է անում ԵՄ-ին ավելի կառուցողականորեն մասնակցել հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանի ճակատագիրը չթողնել այլ տերությունների ձեռքում»:
Նշվում է, որ ԵՄ-ին անհրաժեշտ անհապաղ է որոշել լավագույն աշխարհաքաղաքական եւ ընդհանուր ռազմավարությունը Թուրքիայի հետ իր կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հարաբերությունների համար, հատկապես ժողովրդավարությունից շարունակական նահանջի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության աճող ճնշումների ֆոնին, ինչը նպաստում է լարվածության սրմանը եւ ապակայունացնող ազդեցությանը, որը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը արեւելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում նրա դերի առնչությամբ: