«Մեր երկրների միջև ռազմավարական համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում». Էրդողանը Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը շնորհավորել է Գիորգի Գախարիային Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Իր շնորհավորական նամակում Էրդողանը վստահություն է հայտնել, որ Գախարիայի գլխավորությամբ ապագայում կշարունակվեն երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները:
«Պարոն վարչապետ, իմ թանկագին ընկեր, իմ և Թուրքիայի կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ հաջող ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում շարունակվող Ձեր աշխատանքի կապակցությամբ:
Ես համոզված եմ, որ այս կրիտիկական ժամանակահատվածում, որը ես գնահատում եմ որպես տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության պատուհան բացող, Ձեր իմաստուն ղեկավարությամբ բոլոր ոլորտներում մեր երկրների միջև ռազմավարական համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները կշարունակվեն նաև ապագայում:
Օգտվելով առիթից, ցանկանում եմ ամուր առողջություն և երջանկություն մաղթել Ձերդ գերազանցությանը, ինչպես նաև բարեկեցություն իմ բարեկամ վրաց ժողովրդին: Թող նոր տարին խաղաղություն և բարիք բերի մեր երկրներին և տարածաշրջանին»,-ասված է Թուրքիայի նախագահի նամակում:
Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո Գիորգի Գախարիան վերանշանակվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում: