Ապաշրջափակման թիվ մեկ շահառուն Հայաստանն է, այն մեր երկրում տնտեսական զարգացում կբերի. Վիկտոր Ենգիբարյան
Կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը գերիների հարցով մեզ հետ համախոհ է և 8-րդ կետի վրա հստակ շեշտադրում արվեց, գործընթացը տեղի ունենում, բայց դեռևս վերջնական արդյունքների չենք հանգել: Այս մասին Հանրային Հեռուստատեսության եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հարցին:
«Շեշտադրում է արվել, որ սա մեզ համար կարևորագույն հարց է և հույս ունենք, որ իրենց կողմից այդ քայլը առաջիկայում կիրականացվի, մեր կողմից էլ չեն ստեղծվի խոչընդոտներ՝ հայտարարությունը շարունակելու իմաստով: Ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ փոխադարձ ռազմաշունչ հռետորաբանությամբ կամ գերիների առկայությամբ: Հույս ունենք, որ գերիների հարցը կլուծվի, գիտենք, որ ԱԱԾ տնօրենն էլ հանդիպեց այնտեղի պաշտոնակցի հետ, այնպես որ մեր կողմից ամեն ինչ արվում է»,- նշեց նա:
Ենգիբարյանի խոսքով՝ Հայաստանը շրջափակված է, ինչի պատճառով բոլոր ռեգիոնալ մեգանախագծերը շրջանցում են Հայաստանը, և ըստ նրա՝ դա ևս նպաստում է մեր երկրում աղքատությանը և արտագաղթին:
«Ադրբեջանը այս երեսուն տարիների ընթացքում իրականացրել է հյուծման քաղաքականություն, փակել սահմանները՝ թույլ չտալով, որ Հայաստանը զարգանա: Սա հանգեցրել է այսօրվա ընթացքին, և հիմա, երբ ապաշրջափակմանը վերջ է դրվում, իմ կարծիքով, թիվ մեկ շահառուն Հայաստանի Հանրապետությունն է, այն կբերի մեր երկրում տնտեսական զարգացման: Այդ տնտեսական զարգացումը պետք է նպաստի հարատև խաղաղությանը»,- ասաց նա: