Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի դաշինքը հսկողության տակ կվերցնի առևտրային ամենակարևոր ուղիները. Репортёр
Ռուսական Репортёр հրատարակությունը հոդված է հրապարակել, որում վերլուծել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հնարավոր դաշինքի տեսլականները` մասնավորապես առևտրային ուղիների վերահսկողության վերաբերյալ:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունու հարաբերություններն անցյալում գրեթե միշտ բարդ են եղել: 19-րդ և 20-րդ դարերում Արևմուտքին հաջողվել է կանխել սերտ քաղաքական և տնտեսական կապերը Մոսկվայի և Անկարայի միջև, բայց հիմա իրավիճակը փոխվել է, և Թուրքիայի (ինչպես նաև Իրանի) համար շատ ավելի շահավետ է Ռուսաստանի հետ լեզու գտնել, քան փորձել ի հեճուկս Արևմուտքի գնալ նրա հետ առճակատման:
Թուրքիան այլևս չի վախենում ԵՄ կողմից մերժվելու սպառնալիքներից և զգայունություն չի ցուցաբերում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների նկատմամբ: Էրդողանը երկար ժամանակ է, ինչ վարում է անկախ արտաքին քաղաքականություն ինչպես Միջերկրական ծովում, այնպես էլ Կովկասում՝ շատ ուշադրություն չդարձնելով ՆԱՏՕ-ի գործընկերների վրա: Միևնույն ժամանակ, Թուրքիան չի վախենում սրման գնալ՝ փչացնելով հարաբերությունները Ֆրանսիայի, Իսրայելի, Հունաստանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ:
Այսպիսով, Թուրքիան բոլոր կողմերից շրջապատված է «չկամեցողներով»: Սակայն Մոսկվայի հետ Անկարան նույնպես ունի մի շարք հակադրություններ Սիրիայի և Անդրկովկասի հարցում, իսկ Թեհրանի հետ` տարածաշրջանում ազդեցություն տարածելու ավանդական մրցակից է: Սակայն, ընդհանուր առմամբ, Pax Americana-ի փլուզման ֆոնին ընդհանուր շահերը մերձեցնում են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի դիրքերը, որոնք ունակ են վերահսկողության տակ առնել Մերձավոր Արևելքի ամենակարևոր առևտրային ուղիները:
Ֆրանսիան, Հունաստանը և Իտալիան փորձում են Թուրքիային հետ մղել Արևելյան Միջերկրական ծովի հարստություններից՝ տնտեսապես թուլացնելով նրան: Եվ եթե թուրքերը թուլություն ցուցաբերեն, դա կազդի նաև Ռուսաստանի տնտեսական շահերի վրա այս դժվարին, բայց կարևոր տարածաշրջանում: Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի դաշինքում և Չինաստանի հետ փոխգործակցության պայմաններում երկրները կկարողանան վերահսկողություն իրականացնել Ասիայից դեպի Եվրոպա ծովային և ցամաքային ուղիներով՝ առանց նայելու Միացյալ Նահանգների և առանձին եվրոպական խաղացողների շահերին: Այսպիսով, այդ երկրների դաշինքի տրամադրության տակ կարող է հայտնվել շուկա `6-7 միլիարդ սպառողներով:
Արդեն հիմա Մոսկվան, Անկարան և Թեհրանը ավելի շատ կենտրոնացած են դեպի արևելյան վեկտոր, և նրանց համատեղ ռազմական ուժերն ու տնտեսական հզորությունն ունակ են պաշտպանելու իրենց շահերը Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում: Վերջին 5 տարիները ցույց են տվել այս եռանկյունու մեջ գտնվող երկրների մերձեցման հստակ միտում: