Մոսկվայում կսկսեն ներդնել Ռուսաստանի քաղաքացու էլեկտրոնային անձնագրեր
Ռուսաստանի քաղաքացու էլեկտրոնային անձնագիրը փորձնական նախագծով Մոսկվայում կարող է հայտնվել արդեն մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 1-ը: Ռուսաստանի ՆԳՆ-ից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մինչ այդ ժամկետը նախատեսվում է իրականացնել ինչպես իրավական, այնպես էլ տեխնիկական բնույթի նախապատրաստական աշխատանքները:
Էլեկտրոնային անձնագիրը կլրացնի բջջային հավելվածը, ինչը քաղաքացիներին կապահովի որակյալ էլեկտրոնային ստորագրությամբ եւ կդառնա պետական ու կոմերցիոն ծառայությունների բանալին»:
«Այս անձնագիրը թղթե անձնագրերից կտարբերվի պաշտպանվածության ավելի բարձր աստիճանով, մաշվածակայունությամբ, գործածման հարմարավետությամբ, իսկ կորցնելու դեպքում այն արագ արգելափակելու հնարավորություն կընձեռվի»,- պարզաբանել են ՆԳՆ-ից:
Նախարարությունից հստակեցրել են, որ նոր անձնագիրն իրենից ներկայացնելու է ID1 չափի հայրենական արտադրության պլաստիկե քարտ (բանկայինի նման) տեղեկությունների էլեկտրոնային կրիչով: Դրա վրա կտեղակայվի տեղեկություն, որ պարունակվում է գործող թղթե անձնագրում, ընդ որում՝ քաղաքացու մասին գլխավոր տեղեկությունները նշված են լինելու բուն պլաստիկե քարտում:
Էլեկտրոնային անձնագրից հիմնական տեղեկությունները հնարավոր կլինի կարդալ բջջային հավելվածի միջոցով՝ առանց քաղաքացու եւ բիզնեսի կողմից լրացուցիչ ծախսի, նշել են ՆԳՆ-ից: «Նախագծի հիմնական չափորոշիչները պետք է որոշվեն ձեւակերպման ենթակառուցվածքի, էլեկտրոնային կրիչով անձնագրի հանձնման եւ կիրառման համակարգային նախագծի շրջանակում, որի կատարումը ստանձնել է Ռուսաստանի թվայնացման նախարարությունը»,- ամփոփել են գերատեսչությունից: