Ինչո՞ւ է ՌԴ ԱԴԾ-ն ամրապնդվում Անդրկովկասում. Ստանիսլավ Տարասովը վերլուծել է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԱԾ տնօրենների հանդիպումը
Հայտնի քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Regnum-ում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի ֆոնին օրերս Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի միջնորդությամբ, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևի և Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հանդիպմանը:
Հեղինակը հիշեցնում է, որ ավելի վաղ Բորտնիկովն այցելել էր Երևան և Բաքու, որի ընթացքում քննարկել էր ԱԴԾ-ի Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության հնարավորությունը, որը բխում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների ստորագորած եռակողմ հայտարարությունից, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքից:
Այս փաստաթղթում նախանշված էր ԱԴԾ-ի դերը Ստեփանակերտը Երևանին կապող, այսպես կոչված, Լաչինի միջանցքի անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով կապի միջանցք ստեղծելու գործում: Հասկանալի է, որ առանց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հակահետախուզական ծառայությունների գործունեության համակարգումը կարգավորելու, շատ դժվար կլինի հասնել վերը նշվածին:
Բացի այդ, կան սահմանների անվտանգության խնդիրներ, ահաբեկչության դեմ պայքար, անհայտ կորածների և գերիների ճակատագրի պարզում, բանտարկյալների փոխանակում, դիակների որոնում, ինչպես նաև անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, որոնք անհնարին կամ շատ դժվար է լուծել առանց Ադրբեջանի և Հայաստանի հակահետախուզական ծառայությունների սերտ շփումների և փոխգործակցության: Այսպիսով, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավարի միջնորդական ջանքերն այս ուղղությամբ բնական են և անհրաժեշտ: Բայց հարցն այստեղ միայն դա չէ:
ԼՂ շուրջ եռակողմ պայմանավորվածությունները շոշափում են ռուս սահմանապահների կողմից շուրջ 1000 կմ երկարությամբ հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանության խնդիրը: Եկեք միանգամից պարզաբանենք իրավիճակը: Հայ-իրանական սահմանն անցնում է Արաքս գետի երկայնքով: Սա թե՛ Երևանի, թե՛ Թեհրանի համար ամենակարճ պետական սահմանն է (մնացածը բաժին է ընկնում Լեռնային Ղարաբաղի և Իրանի միջև ընկած հատվածին): Հայաստանի տարածքում կան Ռուսաստանի ԱԴԾ սահմանային չորս ջոկատներ (Գյումրիի, Արմավիրի, Արտաշատի և Մեղրիի), ընդհանուր առմամբ շուրջ 4500 մարդ:
Հիմնական ուշադրությունը հատկացվում էր ավելի քան 300 կմ երկարությամբ հայ-թուրքական սահմանի պաշտպանությանը: Միևնույն ժամանակ, նրանք պաշտոնապես չէին պահպանում Ղարաբաղի սահմանն Իրանի հետ (մոտ 100 կիլոմետր երկարություն) և սահմանը Ադրբեջանի հետ: Բայց արդյո՞ք Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության սպաները կօգտագործվեն այժմ արդեն նոր սահմանին՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները: Բոլոր ցուցումներով, այս հարցը քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հակահետախուզական ծառայությունների ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ:
Բորտնիկովն արդեն հայտնել է, որ Երևանի խնդրանքով Հայաստանի և Ադրբեջանին սահմանին ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն՝ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակի սարքավորումներ: Այսպիսով, Ռուսաստանի ԱԴԾ-ն ոչ միայն ուժեղացնում է իր ներկայությունը Անդրկովկասում, այլև ընդլայնում է իր օպերատիվ գործունեության տարածքը՝ կանխելու հարավային ուղղությամբ Ռուսաստանի ազգային անվտանգության սպառնալիքները:
Ինչպես այս առնչությամբ գրում է բրիտանական The Telegraph պարբերականը, «Մոսկվան սկսել է «արդյունավետ պատնեշ» կառուցել՝ իր օգտին փոխելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: Այս կարծիքին է ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ, արմատական իսլամի փորձագետ Ալեքսանդր դել Վալը: Ըստ նրա, «այս դեպքում Մոսկվան Հարավային Կովկասում մեկ քայլ առաջ է ամերիկացիներից և հատկապես եվրոպացիներից` հյուսիսային Սիրիայի և Կովկասի միջև բոլոր տեսակի իրավիճակների և ռազմավարությունների վերլուծության և կանխատեսման առումով»:
Ինչ վերաբերում է ԱԴԾ-ին, գրում է Դել Վալը, «Չեչնիայի պատերազմից հետո Մոսկվան դառը փորձ ձեռք բերեց՝ դիմագրավելով երկար հարձակումների և ահաբեկչությունների, իսկ այժմ Հարավային Կովկասում այդ կառույցը գիտի, որ զրոյական վտանգ չկա»:
Լուբյանկան, Ադրբեջանի և Հայաստանի հակահետախուզական ծառայությունների հետ հարաբերությունների ձևաչափով, ստեղծում է «ապակոնֆլիկտացման» մեխանիզմ ՝ հակամարտող կողմերի միջև բախումներից խուսափելու համար: Այն ամրապնդվել է մի տարածաշրջանում, որտեղից նրան ժամանակին մի կողմ են մղել կամ նույնիսկ փորձել են դուրս մղել: Այժմ Մոսկվան դառնում է առանցքային դերակատարներից մեկը և իսկական «համաշխարհային դատավոր», որին այժմ դիմում են տարածաշրջանի բոլոր հիմնական խաղացողները: