Ռոհանին Սոլեյմանիի սպանությանն ի պատասխան խոստացել է «տարածաշրջանից կտրել ԱՄՆ-ի ոտքը»
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ի պատասխան «տարածաշրջանից կկտրի ԱՄՆ-ի ոտքը», գրում է IRNA-ն։
«Դուք կտրեցիք մեր գեներալի ձեռքը, իսկ մենք տարածաշրջանից կկտրենք ձեր ոտքը»,- ասել է Իրանի նախագահը:
Իրանի ժողովուրդն իրեն իրավունք է վերապահում վրեժխնդիր լինել իր գեներալի արյան համար, հայտարարել է նա։
«Քանի դեռ գտնվում եք այս տարածաշրջանում, նշանակում է՝ մենք դեռ չենք լուծել մեր վերջնական վրեժը»,-ասել է նա։
Ռոհանին Սոլեյմանիին անվանել է «Իրանի ազգային հերոս, իրանական ազգի և մահմեդական բոլոր ժողովուրդների համար պատվի աղբյուր»։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: