ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է այս տարի բարձր նվաճումներ գրանցած մարզիկներին (Տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է մրցաշրջան-2020-ում բարձր նվաճումներ գրանգած մարզիկներին։ Այս մասին փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։
ԿԳՄՍ նախարարությունում դեկտեմբերի 29-ին նախարար Վահրամ Դումանյանը ընդունեց հայկական մարզաշխարհի ներկայացուցիչներին, մրցաշրջան 2020-ում մեդալներ նվաճած մարզիկներին, ֆեդերացիաների ներկայացուցիչներին եւ մարզիչներին: Ընդունելությանը ներկա էին նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:
Օլիմպիական ուղեգիր նվաճած Հայաստանի չորրորդ ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում:
Տարբեր մարզաձեւերում տարվա ընթացքում Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնություններում,աշխարհի գավաթի խաղարկություններում մեդալներ նվաճած մարզիկները Վահրամ Դումանյանի կողմից պարգեւատրվեցին անվանական գրիչներով եւ պատվոգրերով:
Պարգեւատրման պաշտոնական արարողությունից հետո ԿԳՄՍ նախարարի առաջարկով հարց ու պատասխան տեղի ունեցավ մարզաշխարհի ներկայացուցիչների եւ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների միջեւ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը բարձրացրեց սպորտային բժիշների եւ մարզիկների համար նախատեսված բուժհաստատության աշխատանքում առկա խնդիրների, մարզիկների վիտամինների եւ այլ հավելանյութերի հետ կապված հարցերը: Վահրամ Դումանյանը խոստացավ բուժհաստատության հետ կապված խնդրին շտապ անդրադառնալ՝ համագործակցելով առողջապահության նախարարության հետ:
Արայիկ Բաղդադյանը խոսեց նաեւ Կառավարության կողմից տրամադրվող մարզիկների նպաստները հարկելու հարցին: Նշենք, որ օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեցող մարզիկները երկար ժամանակ ՀԱՕԿ-ի կողմից ստանում էին աշխատավարձեր: Ամիսներ առաջ ՀԱՕԿ-ը կտրել է աշխատավարձերը: Կառավարության որոշմամբ մարզիկները Օլիմպիական խաղերի համար նպաստներն ստանում են ԿԳՄՍ նախարարությունից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: