«Եթե Իրանը հրամանատար Սոլեյմանիի սպանության տարելիցի կապակցությամբ հարձակում գործի, ԱՄՆ-ն պատրաստ է պատասխանել». Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ֆրենկ Մըքքենզին ասել է, որ իր երկիրը «պատրաստ է պատասխանել», եթե Իրանը Միացյալ Նահանգների նկատմամբ հարձակում գործի իրանական Ղոդս ռազմական ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանության առաջին տարելիցին, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:
Լրագրողների հետ զրույցում Մըքքենզին ասել է, որ իրենք պատրաստ են պաշտպանել իրենք իրեց, իրենց ընկերներին և տարածաշրջանային դաշնակիցներին, և անհրաժեշտության դեպքում արձագանքել:
«Կարծում եմ, որ մենք շատ լավ վիճակում ենք և պատրաստ կլինենք նրան ինչ էլ, որ իրանցիներն ու նրանց դաշնակիցները որոշեն անել», - ասել է Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի հրամանատարը:
Մըքքենզին նշել է, որ այցելել է Բաղդադ, որտեղ հանդիպել է միջազգային կոալիցիայի ուժերի հրամանատար, գեներալ Փոլ Քալվերտին և Իրաքի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Յարալլային, ինչպես նաև այցելել է Սիրիա՝ Հորդանանի և Իրաքի հետ սահմանային եռանկյունում գտնվող գրավյալ Ալ-Թանֆ օդանավակայան՝ ամերիկյան ուժերի հետ հանդիպելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ղասեմ Սոլեյմանին ԱՄՆ իշխանությունների հրամանով սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում՝ Իրաքի ժողովրդական զորահավաքի ստորաբաժանումների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մոհանդիսի հետ միասին:
Սպանությանը հաջորդել էին իրաքյան ռազմակայաններում տեղակայված ամերիկյան զորքերի ուղությամբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից կազմակերպված հրթիռակոծությունները, սակայն, չնայած պատասխան հարվածներին, Իրանը խոստացել է ավելի շատ գրոհներ ձեռնարկել ԱՄՆ-ի ուժերի դեմ՝ չհստակեցնելով, թե երբ, որտեղ կամ ում են պատրաստվում թիրախավորել: