Վազգեն Թևանյան․ Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին ու մեր բանակին. News.am Sport
Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին ու մեր բանակին: Պարգեւատրման արարողության ժամանակ ուրախություն էի զգում իմ ազգի համար, որ կարողացա Հայաստանի հիմնը հնչեցնել, դրոշը բարձրացնել:
Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից աշխարհի գավաթի խաղարկությունում տարած փայլուն հաղթանակը մեկնաբանեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, նորընծա աշխարհի գավաթակիր, 21-ամյա Վազգեն Թեւանյանը:
«Տպավորություններս մեծ են: Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել:
Լավ տրամադրվել էի, ցանկանում էի շատ լավ հանդես գալ եւ ինձ մոտ ստացվեց:
Սա իմ առաջին մեծ նվաճումն էր մեծահասակներում: Բելգրադ էի եկել հաղթելու նպատակով: Մտածում էի, որ պետք է չեմպիոն դառնամ:
5 գոտեմարտ անցկացրի. որեւէ մեկը չեմ առանձնացնի: Բոլորն էլ մեծ լարվածությամբ անցան: Եզրափակիչում հաղթեցի վերջին 40 վայրկյանում, բայց այդ վայրկյաններն ինձ խուճապի չէին մատնել: Մտածել էի, որ պետք է առաջին մրցափուլում հնարավորինս քիչ միավորներ լինի: Գիտեի, որ մրցակիցս շուտ է հոգնում: Երկրորդ մրցափուլում ավելացրեցի եւ հաղթեցի:
Աշխարհի գավաթի նախապատրաստական փուլում բազմաթիվ խոչընդոտների հանդիպեցինք: Ամենամեծը՝ պատերազմն էր. մտքեր, հույզեր: Գորգի վրա փորձեցի շատ տեղիք չտալ այդ մտքերին եւ նորմալ հանդես գալ:
Պարգեւատրման արարողության ժամանակ ուրախություն էի զգում իմ ազգի համար, որ կարողացա Հայաստանի հիմնը հնչեցնել, դրոշը բարձրացնել: Ինձ համար մեծ պատիվ էր դա: Հատկապես ինձ ավելի ոգեւորեց դրոշների դասավորվածությունը:
Ինձ համար շատ կարեւոր էր այս հաղթանակը: Մտքերս հենց դրան էին ուղղված, որ կենտրոնանամ գոտեմարտերիս վրա եւ հաղթանակով ավարտեմ իմ պայքարը աշխարհի գավաթում:
Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին, մեր բանակին: Ուզում եմ, որ մեր բանակն ուժեղանա, մեր ազգը դուրս գա այս վատ վիճակից»,- ասաց Վազգեն Թեւանյանը:
Սերբիայի մայրաղաքաք Բելգրադում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում 65 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը 4 տպավորիչ հաղթանակ (6:0,11:0, 10:0 7:2) տանելուց հետո ոսկե մեդալի համար պայքարում մրցեց 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաեւի հետ եւ հաղթեց 9:1 հաշվով: