Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 54 վագոն հումանիտար օգնություն
Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 54 երկաթուղային վագոնից բաղկացած հումանիտար օգնություն, ՏԱՍՍ-ին այսօր հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի 8 քաղաքներից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել ընդհանուր 1 200 տոննա քաշով հումանիտար օգնությամբ 54 վագոն: Սպասվում է, որ այն կժամանի մոտակա օրերին»,- ասել են ԱԻՆ-ից:
Ռուսաստանի ԱԻՆ պիրոտեխնիկները Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերել եւ վնասազերծել են ավելի քան 2 հազար պայթյունավտանգ առարկաներ: «Ստեփանակերտում եւ նրա արվարձաններում հումանիտար ականազերծումն անցկացվել է ավելի քան 30 հա մակերեսով, որտեղ հայտնաբերվել են 2 հազարից ավելի պայթյունավտանգ առարկաներ»,- ասել են մամուլի ծառայությունից:
ԱԻՆ-ից նշել են, որ Լեռնային Ղարաբաղին շինանյութի հումանիտար օգնությունը օգնել է վերականգնել գրեթե 30 շենքեր եւ սոցիալական օբյեկտներ: «Ռուսաստանի ԱԻՆ խմբավորման ուժերով օգնություն է ցուցաբերվում Լեռնային Ղարաբաղի շրջաններում հումանիտար բեռի բաշխման եւ առաքման գործում: Դրա շնորհիվ արդեն վերականգնվել են 28 սոցիալական օբյեկտներ եւ բնակելի շինություններ, 147 օբյեկտներում աշխատանքները շարունակվում են»,- ասել են գերատեսչությունից: