Աշխարհի Գավաթ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում դեկտեմբերի 16-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: 8 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականն առաջին մրցումային օրը կունենա 4 ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ) և Հովհաննես Մաղաքյան (125 կգ):
2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի ռումինացի Ռազվան Կովաչի հետ:
Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի մոլդովացի Վալենտին Բորզինի հետ:
Հրայր Ալիխանյանը (74 կգ) ևս որակավորման փուլում կփորձի հաղթահարել լեհ Պիոտր Սոկալսկու արգելքը:
2018թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կհանդիպի 2018թ. Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի Մ-23 առաջնության բրոնզե մեդալակիր, Բելառուսի ներկայացուցիչ Ջիանիս Խրամիանկուին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաև Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 17-ին:
Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի հետ, իսկ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) որակավորման փուլից կսկսի մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի հետ գոտեմարտով: Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը (79 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի 2020թ. Ասիայի չեմպիոն, Ղրղզստանի ներկայացուցիչ Արսալան Բուդաժապովի հետ, իսկ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի կամ Բեդոպասա Դջոնդեն (Գվինեա Բիասու), կամ Թեիմուրազ Նասկիդաևան (Իսպանիա):
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բելգրադում հանդես էր եկել 10 ըմբիշով և ելույթն ավարտել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Մալխաս Ամոյանը (72 կգ) գրավել է երկրորդ տեղը, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը (77 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել էին բրոնզե մեդալի համար պայքարում, իսկ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) բարձր ջերմության պատճառով չէր կարողացել պայքարել բրոնզե մեդալի համար: Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ), որոնք հաջողության չէին հասել: