«ԱՄՆ-ի պատժամիջոցները սասանել են ՆԱՏՕ-ի արժեքները»․ Թուրքիայի ՊՆ նախարար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին հայտարարել է, որ Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման կապակցությամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները սասանել են ՆԱՏՕ-ում առկա բոլոր արժեքները և կոչ է արել վերսկսել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև համագործակցությունը, գրում է Reuters-ը։
«Պատժամիջոցների մասին այս որոշումը սասանել է մեր երկրների դաշինքում առկա բոլոր արժեքները», -ասել է Աքարը:
Նրա խոսքով՝ «Միացյալ Նահանգների հետ համագործակցությանը և համերաշխությանը վերադառնալը կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային և գլոբալ խաղաղության և անվտանգության համար»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Մայք Պոմպեոն, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ:
«Թուրքիան տարածաշրջանային անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների արժեքավոր դաշնակիցն ու կարևոր գործընկերն է, և մենք ձգտում ենք շարունակել պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության մեր բազմամյա պատմությունը՝ հնարավորինս արագ վերացնելով C-400-ի հետ կապված խոչընդոտը»,- ասված է նրա գրավոր հայտարարության մեջ:
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: