Եղեռնի անդրադարձը հայ նկարչության մեջ
ՑԱՎԻ ԳՈՒՅՆԸ
ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՂԵՌՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մեծ եղեռն. երկու բառի անչափելի խորք ու տարածության այս սեւ խոռոչը մարդկային ողբերգության ամենասահմռկեցուցիչ եղելություններով ու դրանց մասին շարունակվող հիշողություններով է լցված եւ հատուցման իր արդար ժամին է սպասում: Անցյալի հիշողության այդ ցավը գույն ունի, տարբեր երանգներՙ ամեն մեկը ապրումի մի ծնունդ:
«Ցավի գույնը». այդպես է խորագրված Շահեն Խաչատրյանի նորընծա պատկերագիրքըՙ նվիրված Մեծ եղեռնի 95-րդ տարելիցին եւ լույս է տեսել Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ: «Ներկա պատկերագիրքը պատրաստելիս իմ մեջ արթուն են եղել նաեւ 1915-ին Կարինից մինչեւ Սիրիա հասած ու հարազատների կորստյանն ականատես հորս հուշերը...», առաջաբանում գրում է հեղինակը: Նա շուրջ 7-8 տարի աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, իսկ որոշ նկարների հավաքչական գործը տասնամյակներ է տեւել:
Պատկերագիրքը հայ գեղանկարչության մեջ Մեծ եղեռնի անդրադարձների ամբողջական հավաքածո էՙ կազմված առանձնակի հոգածությամբ եւ գուրգուրանքով, ներառելով ըստ ժամանակաշրջանների չորս սերնդի հայ նկարիչներ, սկսած հայկական առաջին ջարդերիՙ 1894-1896 թթ. ապրող սերնդից մինչեւ եղեռնյան շրջանիՙ ավագ, եղեռնից փրկված եւ հետեղեռնյան հաջորդ սերունդների գեղանկարչական արձագանքները: Դրանց գեղարվեստական արժեւորումները ներկայացված են Շահեն Խաչատրյանի ընդարձակ առաջաբանում: Գրքի նկարազարդումները բովանդակում են 65 նկարչի շուրջ 195 ստեղծագործության գունավոր վերատպություններՙ Հովհ. Այվազովսկուց ու Վարդգես Սուրենյանցից մինչեւ Արշիլ Գորկի, Ժանսեմ, Մինաս Ավետիսյան ու Գայանե Խաչատուրյան:
Իր մտահղացմամբ եւ բովանդակային ընդգրկմամբՙ այս պատկերագիրքը եզակի է: 1915-ի եղերական իրադարձություններն ու դրանց մասին վկայություններն, իհարկե, իրենց լայն արձագանքերն ունեցել ու շարունակվում են ունենալ արվեստի տարբեր տեսակներում (գրականություն, երաժշտություն, լուսանկարչություն, կերպարվեստ, նաեւ հուշագրության, նամակագրության մեջ): Գեղանկարչական անդրադարձի արվեստաբանական հավաքական ամբողջություն, սակայն, առաջին անգամ ներկայացվում է այս պատկերագրքի միջոցով, որը գալիս է լրացնելու այդ բացը: Գրքում հիշատակվում են նաեւ մինչ այժմ մեզանում անհայտ, օտար երկրներում ապրած հայ նկարիչների անուններ ու գործեր, իսկ Հովհ. Այվազովսկու հայկական առաջին կոտորածներին նվիրված աշխատանքների հրապարակումըՙ իր մահից 110 տարի անց, ընկալվում է որպես խիստ կարեւոր հայտնություն:
Պատկերագրքի հայերեն տեքստին զուգահեռ անգլերեն եւ ռուսերեն համարժեք թարգմանությունները, վստահաբար, կնպաստեն այս արժեքավոր հրատարակության տարածմանը արտերկրում, որին սիրահոժար պատրաստ է հեղինակը:
Ստորեւ ներկայացնում ենք պատրեկագրքի «Եղեռնից փրկված սերունդ» բաժնից մի հատված:
Մ. Բ.
Կոտորածների ու բռնագաղթի դառնակսկիծ հուշերով ծանրաբեռ իր կյանքն է սկսում Սփյուռքը: Որբացած բազում մանուկներ ու պատանիներ, որոնց մի մասն, ի դեպ, փրկվել է թուրք ընտանիքների կողմից, հետապնդումների մեղմացած քաղաքականության պայմաններում հետզհետե խմբվել, ապրել են որբանոցներում: Նրանց կրթության «սնունդն» են եղել մայրենի լեզուն ու կրոնը:
Նկարչական տաղանդով օժտվածներից ոմանք, հետագա տարիներին ուսանել են եվրոպական ակադեմիաներում եւ արդեն 1920-ականների կեսերից հանդես են եկել ցուցահանդեսներով: Ուշագրավ է, որ ներքոհիշյալ արվեստագետներից շատերը, կապվելով դարասկզբի արվեստի նոր շարժումներին, կարողացել են ընթանալ ուրույն ուղով: Եվ շնորհիվ իրենց ստեղծագործական ինքնատիպության, արժանացել են բարձր գնահատականի. Ֆրանսիայում' Լեւոն Թյութունջյան (ծնունդով 1904, Ամասիայից), Պետրոս Կոնտրաջյան (1905, Եդեսիայից), Արմիս (1901, Ադյամանից), Գառզու (1907, Տիգրանակերտ-Հալեպից), Վահե Հեքիմյան (1914, Օրդուից), Զարեհ Մութաֆյան (1907, Սամսունից): Եգիպտոսում' Օննիկ Ավետիսյան (1900, Բրուսայից), Բյուզանդ Կոջամանյան (1898, Տրապիզոնից), Աշոտ Զորյան (1906, Կերասունից): Լիբանանում' Հարություն Կալենց (1908, Կյուրինից): Իտալիայում' Ժիրայր Օրագյան (1901, Կ.Պոլսից), Լեւոն Մինասյան (1905, Կ.Պոլսից): ԱՄՆ-ում' Խորեն Տեր-Հարության (1909, Խարբերդի Աշոտավան գյուղից), Քերո Անթոյան (1912, Տերսիմից), Բյուզանդ Կոջամանյան (1909, Այնթապից), Մանուել Թոլեգյան (1906, Յոզկաթից), Արշիլ Գորկի (1904, Ոստանիկ Ադոյան Վանի Խորգոմ գյուղից) եւ, անշուշտ, նաեւ ուրիշներ: Անվանի այս արվեստագետները հուշում են բազում տաղանդների կորստյան մասին...
Եղեռնը վերապրած արվեստագետների տաղանդը խնկարկվել է մանկության հուշերով: Տխրության, մենության, վշտալի հույզերի հետ գերիշխողը նրանց գործերում զարկերակի պես տրոփող, մահվան դուռ հասած մարդու հոգում զարթնող կյանքի ու բարության հաղթանակի հավատն է, հավատ, որն սքանչելի բանաստեղծական պատկերով է մարմնավորել նույնպես եղեռնից փրկված գրող Զավեն Սյուրմելյանը' «Մեռելներուս իբրեւ խաչ ես այս ծառը տնկեցի»: Այդ զգացումով են ներհյուսված Սարյանի «ծառերը»... Նման «Ծառի» գաղափարն են փայփայել մի շաք վարպետներ, որոնց թվում եւ Հ.Կալենցը: Որբ մանկության ծանր տարիները նրա հոգուն մղել են կերտելու կյանքը, գեղեցիկը փառաբանող ձոներգ: Այդ ձոներգը նրա կտավներում հյուսված է հնչեղ, թափանցիկ, մշտատեւ գարնան շունչ հորդորող գույների ներդաշնակությամբ:
Փարիզի «Ռեվյու մոդեռն» ամսագիրը (1937, N10) Պ.Կոնտրաջյանի մասին գրել է. «Նա կարողանում է լրիվ թարգմանել, վերարտադրել այն հույզը, որ ապրում է նատուրայի առջեւ...» Գեղանկարչական բարձր որակի հասած նկարիչը Փարիզի մերձակա շրջանների բնանկարներում խտացրել է իր թախծոտ երազանքը, կարոտն ու կյանքի սերը... Նույն հույզերով են ներշնչված Փարիզի տխրադեմ անկյուններից, հատկապես Սենայի ափերից քաղված Հ. Կյուլպենկի, Կ.Մոմջյանի, Տ. Սուտճյանի, Բ. Թոփալյանի, Ա. Բերբերյանի եւ այլոց բնապատկերները:
Նկարիչներից ոմանք ձգտել են ուղղակի հայելիորեն արտացոլել դաժան աքսորի ճանապարհին իրենց տեսածը: Այդպիսին է, օրինակ, ընտանիքի տասնմեկ անդամներից միակ ողջ մնացած Զարեհ Մութաֆյանի վրձնած «Դիակներ» պատկերաշարը: Նրա մանկության օրերի սիմվոլիկ, բանաստեղծական արտահայտությունն է «Լքված նավակը»:
Ոճային ինքնատիպությամբ Իտալիայում ճանաչում է գտել Ժերարդո (Ժիրայր) Օրագյանի արվեստը: Միմյանց փարված աղքատ մարդկանց ու որբեր ներկայացնող նրանց գործերում առինքնում է գեղանկարային լռակյաց մթնոլորտը ջերմացնող բարեսրտության ոգին: Նույն ոգով է առաջնորդվել Օրագյանի հռոմյան տարիների դասընկերը' Եգիպտոսում ապրած Բյուզանդ Կոջամանյանը:
Դառն հիշողությունների գերազդեցիկ արձագանք են Քերո Անթոյանի վարար գետի նմանող «Գաղթը», ինչպես նաեւ հայտնի քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի մահվան սարսափը գծային սուր , կմախքանման ձեւերով լուծում գտած գրաֆիկական գործերը: Ուշագրավ է, որ նույն ժամանակաշրջանում ի հայտ եկած սյուրռեալիզմ ուղղությունը պարարտ հող գտավ հայ արվեստագետների բեկված հոգիներում: Եվ այն, ինչը կարող էր երեւակայության ծնունդ լինել, հայ նկարչի համար կենդանի պատկեր էր, անմոռաց ցավ: Այլաբանականի ու իրականի միահյուսումը նրանց արվեստը տոգորեց գերզգացմունքայնությամբ ու արտահայտչական լեզվի խիստ ինքնուրույնությամբ: Կտրված ձեռք, ճեղքված ուղեղ, կախաղանի պարան, մարդկային դեմք հիշեցնող սարսափահար ծառ, այս ամենն, օրինակ, Լեւոն Թյութունջյանի կտավներում բացահայտում էր ապրված մղձավանջներ:
Իտալիայի ճանաչված սյուրռեալիստներից է Լ.Մինասյանը, որի բնագիր գործերը դեռ անծանոթ են մեզ: Կենդանի մարմիններն այլակերպում, դեֆորմացնում է եւ հնչեղ գունածավալներով միմյանց ձուլելով վերածում է հուշարձան հիշեցնող կոմպոզիցիայի:
«Հայու սարսափելի ճակատագիրը իմս է եղած նաեւ առաջին իսկ օրերուն, երբ կկորսնցնեի հայրս ու կտեսնեի հազարավոր անտունիներ, որոնք կքշվեին Դեր Զոր...» , - գրել է Գառզուն: Նկարչի մտասեւեռումը եղել է ապոկալիպսիսը, եւ նա արտահայտչական ուրույն ոճով պատկերել է պատերազմի արհավիրքը' փլուզված պալատներ, աշխարհի անմարդկայնացած դեմք, մեռնող գեղեցկություն... Հումանիստ արվեստագետն իր ապրումները հանրագումարի է բերել Ֆրանսիայի Մանոսկ քաղաքի հինավուց մի տաճարի որմնանկարներում, կերպավորել նաեւ մայր ժողովրդի վերապրած արհավիրքը:
Գերիրապաշտական մտածելակերպը նոր բարձրության հասցրեց ամերիկյան արդի արվեստի խոշորագույն դեմքերից մեկինՙ Արշիլ Գորկուն, նկարիչ, որի արվեստը ամբողջությամբ խարսխված է հայրենի Խորգոմ գյուղի հիշատակներին: «Նկարիչն ու իր մայրը» հանրահայտ կտավում մոր գեղեցիկ դեմքը շեշտված է գերեզմանային լռությամբ շնչող ֆոնի վրա: Նկարչի ավելի ուշ ստեղծած «Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում» պատկերը գծերի ու գույների փոթորիկ է, հողի ասես խեղված, այլանդակված մի մակերես' զուգորդված կարմիր, արյունածոր բծերով: Կարմիրը ողբերգական իմաստով է հնչում նաեւ «հոգեվարք» նկարում... Կյանքի վերջին տասնամյակին ստեղծած նման գործերով Գորկին համաշխարհային անուն նվաճեց իբրեւ վերացական էքսպրեսիոնիզմի սկզբնավորող:
Եղեռնը վերապրած արվեստագետների զգացումները, ինչպես եւ լեզվավոճի ինքնության հասնելու ձգտումները նույնաբնույթ շարունակություն ստացան հաջորդ սերնդի գործերում: Անմիջականորեն աղերսվում է ցեղասպանությունից մազապուրծ, քրիստոնեական հավատով գոյատեւող իրենց ծնողներին: Այդ հավատն էլ խթանել է նրանց ստեղծագործություններում տրոփող սիրո, հույսի, աշխատանվիրումի ու բարության զգացումները:
Խոր անհատականությամբ է աչքի ընկնում Ֆրանսիայում լայնորեն ճանաչված Ժանսեմի արվեստը: Ստեղծագործական վեց տասնամյակի ընթացքում հինգ հազարից ավելի աշխատանք ստեղծած նկարչի վրա անցնող ժամանակը կարծես ազդեցություն չի գործել: Նա պատկերել ու շարունակում է պատկերել պարզ, իրենց աշխատանքային առօրյայից անբաժան, մտամփոփ մարդկանց կյանքը: Ժանսեմի զգայուն գիծը արյունատար անոթների նման հոսում է կտավներում եւ, ներդաշնակվելով մեղմ, դալուկ գունանկարին, ստեղծում է վերիրական, տեսլային, երաժշտական մթնոլորտ: Պատկեր կառուցելու այս սկզբունքն է դավանում Ժանսեմը: Մեծ Եղեռնի ալեբախումով շնչող «Հայ ծերունու մահը» (1951) նկարից ուղիղ հիսուն տարի անց, նոր դարասկզբին վարպետն ստեղծում է «Ցեղասպանություն» պատկերաշարը, ուր պատմական ճշմարտության վարագույրը բացել է մինչեւ վերջ: Չորս տասնյակի հասնող նկարների այս շարքը Ժանսեմը ցուցադրել է Փարիզում, ապա նվիրաբերել Հայոց ցեղասպանության երեւանյան թանգարանին: Եղեռնը որպես պատկերման նյութ ընտրելու ազդակն, անշուշտ, նրա արվեստի կանչն է, որ գալիս է տակավին 1915-ից: Դեր Զոր անապատում, գիշերով, երբ տեղաբնակ արաբներից մեկը փորձում է մի հայ ընտանիք փրկել, մահամերձ մի կին աղաչում է տանել-ազատել ողջ մնացած իր մինուճար աղջկան: Այդ աղջնակը եղել է նկարչի մայրը. Ֆրանսիացի տեսաբան Ք. Բլանը Ժանսեմի մասին գրել է. «Կորուսյալ հոգիները իրենց ապաստան են գտել բանաստեղծ-նկարչի մոտ: Նա կտավին է հանձնել այն, ինչը աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»:
... Անապատի ավազի վրա կքել ու դողդոջուն ձեռքերով նորածիլ բույսն է պաշտպանում մարդը: Հու~յս, ապրելու~ հույս... Մանկուց հորը կորցրած, ծանր պատանեկություն ապրած Հակոբ Հակոբյանի զգացումները հիմնուղի կանխագծեցին ու մղեցին ստեղծելու կյանքի հորձանուտը նետված թշվառ, տառապող, ճակատագրի դեմ անզոր մարդկանց կերպարներ: Այս նկարչի կտավների ինքնօրինակ գունագծային կառուցվածքի մեջ ասես քանդակված է լռությունը, որը թե սեփական եւ թե իր սերնդակիցների ներաշխարհը հյուծող եղեռնի արձագանքն է, անհայրենիք մարդու վշտի երգը:
Կիմա Պետրոսյան. ֆեյսբուք