«Իրանը Թուրքիային խորհուրդ է տալիս պատրանքների վրա հիմնվելով՝ արտաքին քաղաքականությունը չկառուցել». Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների առնչությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանին Իրանի ԱԳՆ կանչելու վերաբերյալ Twitter-ում գրառում է կատարել։
Իր գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է, որ Իրանը Թուրքիային խորհուրդ է տալիս պատրանքների վրա հիմնվելով՝ արտաքին քաղաքականությունը չկառուցել։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է Թուրքիայի կառավարության պաշտոնյաներին հիշեցնել բանաստեղծությունների ծագման մասին, նախքան դրանք կարդալը։
Ավելի վաղ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։
«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։
Խաթեբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Էրդողանը, Բաքվի զորահանդեսի ժամանակ իր ելույթում, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը, որն ասել է․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Նման ձևով Էրդողանն ակնարկել է այն մասին, որ Ադրբեջանի տարածքները նվաճված են։