«Էրդողանակրատիա». դեպի լուսավոր ժողովրդավարություն գնալու փոխարեն Էրդողանն ընտրել է Թուրքիայի մութ անցյալի ճանապարհը, ինչը մեծ մարտահրավեր է նրա հարևանների համար. Greek City Times
Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում վերջին մարտահրավերները, արմատական շարժումների և ահաբեկչության աճը, ցեղասպանական հռետորաբանությունը, Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս պատերազմները մի հարց են առաջացնում՝ ո՞վ է կանգնած այս մղձավանջի հետևում, գրում է հունական Greek City Times-ը։
Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի խնդիրների իրական էությանը և նորովի գնահատել Մարոկկոյից մինչև Պարսից ծոց, Հայաստանից մինչև Հունաստան և Կիպրոս ներկա քաղաքական խճանկարը:
Տարածաշրջանի միակ գործիչը, որն ունի ռազմական, քաղաքական և տնտեսական հակամարտություններ գրեթե բոլորի հետ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Թուրքիայի հարևան երկրների նկատմամբ Էրդողանի խիստ ռազմատենչ կեցվածքի երկու հիմնական պատճառ կա, գրում է թերթը։
Առաջին հերթին դա «էրդողանակրատիայի» ծնունդն է. Էրդողանը վերածվել է ինստիտուտի, այլ ոչ թե քաղաքական գործչի և անհատի։ Այս աղետալի գործընթացը հանգեցրել է թուրքական քաղաքական մշակույթի անկմանը։
Ինչպես գրում է թերթը, Էրդողանը տարիներ շարունակ ճնշել է թուրքական քաղաքացիական հասարակությանը, բանտ նստեցրել հազարավոր լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների, ազատվել իր քաղաքական բազմաթիվ մրցակիցներից, ոչնչացրել հարյուրավոր բարձրաստիճան զինվորականների և թուրքական հասարակության մեջ վերադարձրել արմատական ավտորիտարիզմը:
Այսպիսով, Էրդողանն աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով իր նեոօսմանիզմի և պանթուրքիստական գաղափարախոսության վերաբերյալ համոզմունքը վերածել է Թուրքիայում հիմնական քաղաքական ընթացքի։ Ավելին, հրապարակայնորեն խրախուսելով հայերի, հույների և ասորիների ցեղասպանության ժխտումը և անտեսելով Թուրքիայում քուրդ ժողովրդի և այլ փոքրամասնությունների հիմնական իրավունքները՝ Էրդողանն ընդլայնում է թուրքական հասարակության մեջ խորացող անջրպետը, գրում է թերթը։
Դեպի լուսավոր ժողովրդավարություն գնալու փոխարեն Էրդողանն ընտրել է Թուրքիայի մութ անցյալի ճանապարհը, ինչը մեծ մարտահրավեր է Թուրքիայի հարևանների, ինչպես նաև թուրքերի համար։
«Էրդողանակրատիայի»՝ Թուրքիայի սահմաններից դուրսբերումը հանդիսանում է այդ երկրի ապակայունացնող դերի երկրորդ պատճառը։ Էրդողանը փորձում է իր «Էրդողանակրատիայի» կամքը պարտադրել միջազգային հարաբերությունների համակարգին՝ քայքայելով խաղի համընդհանուր ընդունված կանոնները, նշում է թերթը։
Միջազգային հանրությունը պետք է օպերատիվ և պատշաճ կերպով գործի Էրդողանի դեմ, որպեսզի Թուրքիային վերադարձնի խաղաղ և ժողովրդավարական միջազգային ընտանիք։ Թուրքական ղեկավարությունը պետք է արդեն գիտակցեր, որ Թուրքիայի կայսերապաշտական և մեծապետական երազանքներն անհասանելի են։