«Հետհաշվարկը սկսվել է». թուրքական «Կանունի» հորատող նավը պատրաստվում է Սև ծովում աշխատանքների
Թուրքական «Կանունի» երրորդ հորատող նավը պատրաստվում է աշխատել Սև ծովի հանքավայրերի մատույցներում: Այս մասին դեկտեմբերի 6-ին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Հորատման աշտարակն արդեն տեղադրված է նավի վրա: Հետհաշվարկը սկսվել է ...»,- գրել է նախարարը:
«Կանունի» նավը նոյեմբերի 14-ից գտնվում է Ֆիլյոս նավահանգստում:
«Կանունի» նավի հորատման աշտարակը ապամոնտաժվել է Ստամբուլի Հայդարփաշա նավահանգստում, որպեսզի անցնի Բոսֆորի կախովի կամուրջներով և մեկ այլ նավի միջոցով հասցվի Ֆիլոսի նավահանգիստ:
Նավը կառուցվել է 2012 թվականին: Նավի երկարությունը 227 մետր է, բարձրությունը` 114 մետր, լայնությունը` 42 մետր, քաշը` 60 316 բրուտոտոննա:
Այն մեկ այլ` «Ֆաթիհ» նավի հետ հորատման աշխատանքները կսկսի 2021 թվականի առաջին ամիսներին: Նավի հորատման առավելագույն խորությունը կազմում է 3000 մետր: