Իրանը պատրաստ է մեծացնել նավթի արդյունահանման ծավալները՝ հասցնելով արտահանման նորմալ մակարդակի. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է անհապաղ մեծացնել նավթի արդյունահանման ծավալները՝ հասցնելով արտահանման նորմալ մակարդակի, հաղորդում է Tasnim-ը:
Տնտեսական համակարգման շտաբի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է նավթային արդյունահանման պատրաստակամությունն անհապաղ ավելացնել արտադրությունը՝ հաշվի առնելով «օպերացիոն գործիքները եւ Իրանի արժեքավոր փորձը»:
Հղում անելով 2015 թվականի միջուկային գործարքի հարցով պատժամիջոցներին՝ Ռոհանին հայտարարել է, որ Իրանին ժամանակին հաջողվել է մեծացնել նավթի արդյունահանումը մինչեւ օրական ավելի քան 2 մլն բարել ՀՀԳԾ-ն ուժի մեջ մտնելուց հետո:
Նա հավելել է, որ չնայած ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմը ստեղծել է բազում խոչընդոտներ իրանական նավթի եւ նավթաքիմիական արտադրանքի արտահանման համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել «իրագործել իրանական նավթի արտահանումը զրոյի հասնելու իր վաղեմի երազանքը»:
Այսուհետ Իրանի նավթի նախարարությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը նավթային ոլորտի ռեսուրսներն ու սարքավորումները արտադրության եւ վաճառքի համար նախապատրաստելու համար առաջիկա երեք ամիսների ընթացքում առկա հզորություններին համապատասխան: