Երիտասարդական ԵԱ. Հայաստանի 2 ներկայացուցիչներ կիսաեզրափակիչում են
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ասլիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ է տարել Լատվիայի ներկայացուցիչ Մատվեյ Պրոկուդինայի նկատմամբ: Ասլիկյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր խորվաթ Դենի Ալագիքին: Նոյեմբերի 21-ին կայանալիք կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեկսեյ Շենդրիկի հետ:
Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ +91 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Փափազյանը: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից՝ 5:0 հաշվով հաղթելով ալբանացի Արբի Հաքսյուին: Կիսաեզրափակիչում Փափազյանն ուժերը կչափի Ուկրաինան ներկայացնող Վասիլ Տկաչուկի հետ:
Եվրոպայի առաջնության տղամարդկանց պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ներկայացել էր 8 քաշային կարգերում՝ Ռուդոլֆ Գաբրոյան (49 կգ), Ռուբեն Գաբրոյան (52 կգ), Ռուսլան Ասլիկյան (56 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Վահան Գալուստյան (64 կգ), Նարեկ Զախարյան (69 կգ), Հենրիկ Ճղրիկյան (91 կգ), Հովհաննես Փափազյան (+91 կգ): 4 մրցումային օրերից հետո Բուդվայի ռինգում պայքարը շարունակում են Ռուբեն Ասլիկյանը (56 կգ), Հովհաննես Փափազյանը (+91 կգ), Վահան Գալուստյանը (64 կգ): Գալուստյանը քառորդ եզրափակիչում է: Պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 3:2 հաշվով հաղթել է ռումինացի Վինսենթ Քաթալին: 1/8 եզրափակիչում նա 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մակեդիոնիան ներկայացնող Օզմեն Իլհանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի ռուս Միխայիլ Զայնուլաբիդովը:
Նոյեմբերի 18-ին ռինգ դուրս կգա նաեւ տղամարդկանց Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը: Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի մյուս քաշային կարգերի ներկայացուցիչներ Ռուդոլֆ Գաբրոյանը, Ռուբեն Գաբրոյանը, Հենրիկ Ճղրիկյանը եւ Նարեկ Զախարյանը լքել են պայքարը մեկնարկային մենամարտերից հետո:
Նոյեմբերի 16-ից պայքարի մեջ են մտել նաեւ կանայք: Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ՝ Գայանե Տեր-Բարսեղյան (48 կգ), Արսինե Ծատուրյան (51 կգ) եւ Էլիդա Քոչարյան (64 կգ): Առաջին մրցումային օրը հաղթանակով է մեկնարկել Գայանե Տեր-Բարսեղյանը: Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է ուկրաինուհի Յուլիա Պելեսչուկին: Առաջնությանը մասնակցում է 22 երկրի 175 բռնցքամարտիկ։