Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Կիպրոսում (ֆոտո)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումից առաջ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Խոակին Կապառոսի գլխավորած թիմի նախախաղային մարզումը տեղի է ունեցել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը նոյեմբերի 18-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ GSP ստադիոնում (Երևանի ժամանակով 21:00-ին):
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2: Նոյեմբերի 15-ին անցկացված նախորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում 2:1 հաշվով հաղթել էր վրացիներին: